Եթե քաղաքական գործիչը հանդիպում է ազատազրկված ահաբեկչի հետ, ապա անխուսափելի են հարցերը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջին օրերին հաճախ է շրջանառվում ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի անունը: Պարզ է, որ նրա քաղաքական հակառակորդներն ու վերջիններիս համակրող լրատվամիջոցներն ու «ստատուսագիրները» ընդդիմանում են նրա քայլերին և հայտարարություններին, բնական է նաև (թեև ոչ խրախուսելի), որ այդ հակադարձումները հաճախ կրում են անձնավորված բնույթ: Չեմ պատրաստվում քննարկել դրանք, և հակառակը՝ չեմ կարող հարգանք չտածել նախկին գործընկերոջս հանդեպ, որը «զրոյից» լրատվամիջոց է կայացրել և դարձրել է այն Հայաստանի առաջատար մեդիաներից մեկը:
Բայց հիմա Արմանը քաղաքական գործիչ է, և նրա բոլոր քայլերն ու հայտարարությունները, բնականաբար, հետապնդում են որոշակի քաղաքական շահեր, ուղղված են որոշակի քաղաքական թիմի օգտին և մեկ այլ քաղաքական թիմի դեմ: Դա նորմալ է և, իհարկե, կարող է ոմանց դուր գալ կամ դուր չգալ:
Ինչպես միշտ, այս պարագայում նույնպես, ինձ հետաքրքրում են ոչ թե անձնական կամ անգամ զուտ քաղաքական դրսևորումները, այլ, ինչպես ընդունված է ասել՝ ինստիտուցիոնալ (պետական) լուծումները:
Քաղաքական գործիչը հանդիպում է ահաբեկչության համար դատապարտված անձի հետ՝ ահաբեկչության, որի բոլոր հանգամանքները հասարակության համար դեռևս պարզ չեն: Չգիտեմ, արդյոք դա ընդունված է քաղաքակիրթ աշխարհում, բայց ինձ թվում է՝ նման հանդիպումներն ընդհանրապես ցանկալի չեն:
1/ Քաղաքական գործիչը կարող է խնդրել կամ դրդել ահաբեկչին տալ անուններ կամ ներկայացնել հանգամանքներ, որոնք կբխեն իր՝ գործչի քաղաքական շահերից:
2/ Եթե նույնիսկ նման խնդրանք կամ դրդում չլինի, ահաբեկիչն ինքը՝ իր նախաձեռնությամբ, կարող է անուններ տալ կամ հանգամանքներ ներկայացնել, որոնք, իր՝ ահաբեկչի կարծիքով, «համահունչ են» ներկա քաղաքական իրավիճակին:
(Վերը նշված երկու դեպքերում էլ բոլորովին չի բացառվում, որ նրա ասածները կարող են կատարյալ սուտ լինել):
3/ Եթե անգամ այդ երկուսն էլ չկա, ապա, միևնույն է, ինքը՝ հանդիպման փաստը, կարող է ենթադրությունների և քաղաքական շահարկումների առիթ դառնալ, և եթե անգամ ահաբեկիչը երբևէ որևէ ցուցմունք տա, դա կդիտարկվի ինչ-որ քաղաքական պայմանավորվածությունների տեսանկյունից: Հետևաբար, նման հանդիպումներն, իմ կարծիքով, պետք է բացառել: Նման հանցագործը կարող է հանդիպումներ ունենալ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ (եթե ասելու բան ունի), իր փաստաբանների հետ (եթե նրանց կարիքն ունի), ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի և իրավապաշտպանների հետ (և այդ դեպքում թեման կարող է լինել բացառապես իր՝ հանցագործի բանտային պայմանների քննարկումը):
Եթե քաղաքական գործիչը հանդիպում է ազատազրկված ահաբեկչի հետ, ապա անխուսափելի են հարցերը՝ ինչու է հանդիպել, ով է նրան ուղարկել, ինչ է նրա ուզածը: Նման հարցերի քննարկումը, կարծում եմ, պետությանն օգուտ չի բերում»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]