211652_close_icon

Ամեն առավոտ արթնանալիս դուք պետք է պատրաստ լինեք կրկին կառուցելու, այլ ոչ թե բավարարվելու երեկվա արդյունքներով. Ռումինիայի արքայազնը՝ ԵՊՀ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1249 դիտում article-date 18:41 29-10-2019
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել հանդիպում Ռումինիայի արքայազն Ռադուի հետ: Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն: Հանդիպման սկզբում արքայազն Ռադուն ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց համալսարանին այցելությունը կազմակերպելու համար: «Ուզում եմ ինձ ընձեռված այս հնարավորությունից օգտվել և ինչպես իմ երկրի, այնպես էլ իմ անունից շնորհավորել համալսարանի հիմնադրման հարյուրամյակը»,- ասաց արքայազն Ռադուն՝ նշելով, որ 1919 թվականը ձեռքբերումներով լի է եղել նաև Ռումինիայի պատմության մեջ: Ելույթում արքայազնն անդրադարձավ նաև հայ-ռումինական դարավոր բարեկամությանը՝ առանձնահատուկ շեշտելով այդ հարցում Ռումինիայի հայկական համայնքի ունեցած դերն ու հեղինակությունը. «Հարկ է նշել, որ Ռումինիան միշտ էլ հատուկ վերաբերմունք է ցուցաբերել հայ ժողովրդի տառապանքների նկատմամբ, և այդ ջերմ վերաբերմունքը շարունակվում է մինչ օրս»: Արքայազն Ռադուն խոսեց նաև Ռումինիայի պատմության բարդ ժամանակների մասին, որոնցից մեկը Խորհրդային Միության փլուզումն էր: «Ռումինիայի պատմության մեջ հեշտ ժամանակներ չէին, և մեր սերնդի համար հեշտ չէր շարունակել երկրի առաջընթացն ու զարգացումը, կառուցել հարաբերություններ հարևան երկրների հետ»,- նշեց արքայազնը: Խոսելով ժամանակակից երիտասարդների մասին՝ արքայազն Ռադուն մատնանշեց, որ նրանք պետք է հստակ գիտակցեն՝ համալսարանում են ոչ միայն սովորելու, այլև համոզվելու համար, որ երկիրը զարգացման ճիշտ ուղի է ընտրել: Նրա խոսքով, ժամանակակից սերունդն իր տրամադրության տակ ավելի լայն հնարավորություններ ունի սեփական երկիրն ու նրա արժեքները ներկայացնելու համար: «Երիտասարդությունը պետք է հասկանա, որ իր խնդիրը ոչ միայն սեփական մասնագիտությունը, այլև երկիրը պատշաճ ներկայացնելն է, և նա պետք է շահագրգռված լինի սեփական երկրի առջև ծառացած խնդիրները հաղթահարելու գործում»,- ասաց արքայազն Ռադուն: Անկեղծանալով ուսանողների առջև՝ նա փաստեց, որ սեփական փորձով կարող է ասել, որ այն ձեռքբերումները, որոնց մարդը հասնում է և ունենում իր կյանքում, հավերժական չեն, քանի որ դրանք հնարավոր չէ երկար պահել: Այս կանոնը շատ լավ ծանոթ է հատկապես սպորտսմեններին: «Ամեն ինչ մի վայրկյանում կարող է փոխվել, և այն ամենը, ինչին հասել եք, նույնպես փոխվելու է, և սա վատատեսություն չէ,- ասաց արքայազն Ռադուն,- ամեն առավոտ արթնանալիս դուք պետք է պատրաստ լինեք կրկին կառուցելու, այլ ոչ թե բավարարվելու երեկվա արդյունքներով»: Վերջում ուսանողներն իրենց հուզող հարցերը տվեցին հյուրին, այնուհետև հյուրերը շրջեցին ԵՊՀ-ում: «ԱՄԵՆ ԱՌԱՎՈՏ ԱՐԹՆԱՆԱԼԻՍ ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՔ ԿՐԿԻՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԲԱՎԱՐԱՐՎԵԼՈՒ ԵՐԵԿՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ». ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԱՐՔԱՅԱԶՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր