31254 դիտում
21:18 26-10-2019
Ֆելիքս Ցոլակյան. Դեմոկրատիան որոշները սխալ են հասկացել․ մեկին ազատում ես՝ ստացվում է՝ աթոռը տնից է բերել ու շատ է սիրում պաշտոնը. Armtimes.com
Վերջին օրերին մամուլի ուշադրության կենտրոնում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն է: Նախ տեղեկություն շրջանառվեց, որ նա իր ծանոթներին աշխատանքի է տեղավորել ԱԻՆ-ում, ապա քննարկվեց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանի ազատումը. շատերն այս պաշտոնանկությունը կապեցին Ֆելիքս Ցոլակյանի հետ վատ հարաբերություններով:
[url=https://armtimes.com/hy/article/172385?fbclid=IwAR0iP_Wa6ggcxN9CMMNhViyukOrkr8mjVIUXQeZTDyGbBapA7TVtiMjlxAc]«Հայկական ժամանակ»[/url]-ը մի քանի հարց է ուղղել նախարարին:
[b]- Պարո՛ն Ցոլակյան, մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ձեր եւ Արտակ Նահապետյանի հարաբերությունները լարված են, եւ որ նրա պաշտոնանկությունը կապված է դրա հետ: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք: Եւ որքանո՞վ դուք առնչություն ունեք Նահապետյանի ազատման հետ:
[/b]
- Լարված բառը ես չէի օգտագործի, որովհետեւ ես որեւէ մեկի հետ լարված հարաբերություններ չեմ կարող ունենալ: Նահապետյանն ազատվել է իմ միջնորդությամբ: Այն պայմանավորված է եղել վերջին շրջանում նրա գործունեության հետ, որը չի բավարարել ինձ՝ որպես նախարարի: Կար վստահության հարց, եւ երկրորդ՝ եղել են պահեր, երբ ես չեմ կարողացել հանդուրժել այն վերաբերմունքը, որն ունեցել է Արտակ Նահապետյանը աշխատանքի նկատմամբ: Մասնավորապես ամառային հրդեհների ժամանակ, երբ նա արձակուրդ էր գնացել, երբեւէ չի հետաքրքրվել, թե ինչ է կատարվում: Մի անգամ ինձ զանգ չի եղել, պարզելու, թե ինչ հրդեհներ են, երբ որ ամբողջ աշխարհն ինձ այդ հարցով զանգում էր: Սրանք բաներ էին, որոնք ավելանալով՝ առաջացրին այն անվստահության պակասը, ինչի հետեւանքով ես միջնորդություն ներկայացրի վարչապետին: Դրանից հետո կառավարությունից եկել է ծանուցում, որպեսզի ես ծանուցեմ Նահապետյանին, որ ինքն ազատվում է աշխատանքից: Դրանից հետո Նահապետյանը մարդկանց՝ մի մասին խաբելով, մյուս մասին՝ համոզելով, (մի մասն էլ այն մարդիկ են, որոնք գիտեին, որ կառուցվածքային փոփոխություններից հետո իրենց հարցը կարող է բացասական լուծում ստանալ), ընդհանուր՝ 9 հոգի՝ գումարած ինքը, վարչապետի անունով բողոք-նամակ են ստորագրում, որը ես չեմ տեսել: Վարչապետն ստացել է իհարկե դա, ինձ հետ խոսել է այդ մասին, ասել է, որ այսպիսի նամակ կա, ես, իհարկե, բովանդակությանը ծանոթ չեմ: Ինչից հետո ես խնդրել եմ վարչապետին, որ նա այդ նամակի հետ կապված այստեղ ուղարկի Պետական վերահսկողության ծառայությանը, որպեսզի նամակում նշված բոլոր փաստերը ստուգեն. դա շատ շուտով կարվի: Բայց մինչ այս ամենը, ես ինձ մոտ էի հրավիրել փրկարար ծառայության տնօրեն Նահապետյանին, առաջարկել, որ ազատվի աշխատանքից՝ իր դիմումի համաձայն, ինչից նա հրաժարվել էր ու դրանից հետո կատարել այս քայլերը:
Ընդհանրապես զինվորական հիմնարկում սա համարվում է արտառոց երեւույթ, երբ մարդիկ խմբով բողոք են արտահայտում: Հետաքրքիր բան է կատարվում հիմա մեզ մոտ. դեմոկրատիան որոշ մարդիկ սխալ են հասկացել, ազատ խոսքը սխալ են մեկնաբանում: Հասկացել են այս ձեւ. եթե մեկի խաթրին կպան, մեկին ազատեցին աշխատանքից, ուրեմն՝ անպայման պետք է ինչ-որ քայլեր անել: Ստացվում է, որ որեւէ մեկին ազատել չի կարելի, որեւէ տեղ կամ որեւէ մեկից ազատվել չի կարելի: Ստացվում է, որ այդ աթոռներն իրենք իրենց տնից են բերել իրենց հետ ու շատ են սիրում այդ պաշտոնը:
Ի՞նչ կստացվեր, եթե ես խելքս տայի իրենց խելքին, ասեի՝ գնացեք (3500 հոգի փրկարար ծառայությունում մարդ է աշխատում) 3 հազար հատ ստորագրություն հավաքեք: Հետո՞, դա ի՞նչ բան է: Դա անընդունելի է: Այն մարդիկ, որոնք ստորագրել էին, նրանցից մեկն արդեն որերորդ անգամ հայտարարում է, թե տեքստը չի տեսել: Ասում է՝ ես իմացել եմ, թե պետք է ստորագրենք, որ ՓԾ տնօրենին չազատեն աշխատանքից, նա ինձ այդպես է ասել: Մեկ ուրիշն ասում է, թե ինձ խաբել են, ասել են՝ հենց ՓԾ տնօրենը դուրս եկավ աշխատանքից, ուրեմն՝ բոլորիս ազատելու են, որովհետեւ նախարարն այդպես է տրամադրված: Մեկին ասել են՝ ՓԾ տնօրենը պետք է դառնա նախարար, այդ դեպքում բոլորս լավ կլինենք, եկեք ստորագրենք: Սա է ամբողջ պատմությունը:
[b]- Ի՞նչ է լինելու այն աշխատակիցների ճակատագիրը, որոնք ստորագրել են այդ բողոքի տակ:
[/b]
- Դա իրենց բարոյականության հարցն է, ես ասելիք չունեմ այստեղ: Ես չեմ գնացել այդ ճանապարհով: Ես դրանից հետո խորհրդակցություն եմ անցկացրել եւ ասել, որ հաշվում եմ, թե իրենք մոլորված են եւ մոլորյալները թող իրենք որոշեն իրենց անելիքը:
[b]- Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ ինչպեսն են ձեր հարաբերությունները: Շատ է նշվում, որ Արտակ Նահապետյանը Տոնոյանի կադրն էր, ու դա էր պատճառը, որ ցանկանում էիք ազատվել նրանից:
[/b]
- Տոնոյանի հետ կապված ես որեւէ խնդիր չունեմ: Ամբողջ հարցն այն է, որ երբ եկա այստեղ աշխատելու, պետք է շարժվեի կուսակցական մոտեցումներով ընդունվածներին ազատելու սկզբունքով, ինչը չեմ արել, ցավոք սրտի, հաշվի առնելով մարդկային գործոնը: Հետաքրքիրն այն է, որ ես որեւէ տեղ աշխատանքի գնալուց երբեք առաջին շրջանում մարդկանց չեմ ազատում աշխատանքից: Ես միշտ ասում եմ՝ աշխատեք կտեսնենք, ով լավ կաշխատի, կմնա, ով վատ կաշխատի՝ նա դուրս կգա: Բայց այդ սկզբունքն այստեղ մի քանիսը շատ վատ են հասկացել, ու սա այդ մի քանիսի արածն է:
Դավիթ Տոնոյանի հետ ես խոսել եմ այս հարցով: Ասել եմ՝ դուք եք նշանակել նրան, նա ինձ ասել է՝ ես չեմ նշանակել ՓԾ տնօրեն, ես իրեն բերել եմ քաղպաշտպանության վարչության պետ, որտեղ հավանաբար իր աշխատանքը ստացվել է: Բայց ոչ դրանից ավելի: Այդ ավելին արդեն արվել է Տոնոյանին հաջորդող նախարարի կողմից (Հրաչյա Ռոստոմյան): Թե ում միջնորդությամբ, ինչպես՝ դրա մասին չեմ ուզում խոսել:
[b]- Մամուլը գրեց, որ դուք ԱԻՆ-ում տեղավորել եք ձեր ծանոթ-բարեկամներին: Այս տեղեկությունները ճի՞շտ են:
[/b]
- Ծանոթ, այո՛, բարեկամ՝ ո՛չ: Ես դրա համար եմ ասել, որ գան ստուգեն, տեսնեն՝ ես այստեղ որեւէ բարեկամական-հարազատական կապեր չունեմ: Իսկ ծանոթը պարտադիր է, որ լինի: Եթե ես գալիս եմ մի տեղ, որտեղ ես ոչինչ չգիտեմ, ինձ պետք են ծանոթ եւ վստահելի մարդիկ, եւ ես նրանց ընդունել եմ աշխատանքի: Այո՛, ես դրանից չեմ հրաժարվում, կարծում եմ, որ ճիշտ եմ արել: Ես չգիտեմ մեկ ուրիշ տեղ, որտեղ այդպես չի արվում: Սուտ-սուտ գրել են, թե փոխնախարարն իմ քրոջ որդին է: Ես այստեղ աշխատող քրոջ որդի չունեմ, ոչ էլ՝ այստեղ աշխատող եղբոր որդի: Ինչ է՝ չե՞ն դիմում, դիմում են, քրոջ որդի էլ է դիմում, եղբոր որդի էլ է դիմում, ազգական էլ է դիմում, հորեղբոր որդի էլ է դիմում: Բայց ես ոչ մեկին չեմ ընդունել, ասել եմ՝ ո՛չ, քանի ես այստեղ եմ, բարեկամներ չեն աշխատելու:
[b]- Որքանո՞վ է ձեզ ծանոթը լինելու հանգամանքը ազդում այդ աշխատողների աշխատանքին:
[/b]
- Ես այստեղ եկել եմ աշխատելու, 3-4 ամիս զբաղվել ենք վառելիքի, հագուստի հարցերով: Բերել ենք նոր թիկունքի վարչության պետ, որի մասին շատ են ակնարկում, ասում են՝ պաշտոն եմ բարձրացրել: Թիկունքի վարչության պետը կարողացել է կարճ ժամանակում կարգավորել վառելիքի, հագուստի եւ բոլոր պարագաների հարցերը, որը երբեւիցե չի եղել: Պատմության մեջ փրկարար ծառայության ստորաբաժանումը օճառ չի ստացել, ավել չի ստացել, ոչինչ չի ստացել: Մեր պահեստներն այսօր լիքն են, ամեն ինչ ունենք, ու այդ բոլորը արվել են թիկունքի վարչության պետի անմիջական մասնակցությամբ եւ ջանքերով: Ու թիկունքի վարչության պետի կոչումը ես բարձրացրել եմ, լավ եմ արել: Կադրերի հարցն ինձ համար մութ անտառ էր, ես չգիտեի՝ ովքեր են ընդունվում: Օրենքը թույլատրում է, որ ՓԾ տնօրենը պետք է շարքային անձնակազմից մինչեւ ենթասպա ընդուներ: Կադրերի վարչության պետի փոփոխություն է եղել, նշանակել եմ իմ վստահելի մարդուն, որպեսզի ես տիրապետեմ իրավիճակին: Վա՞տ բան եմ արել՝ ո՛չ, ես կարծում եմ, որ լավ բան եմ արել, ճիշտ բան եմ արել: Ու սա մարդկանց վրա շատ բացասական ազդեցություն է թողել: Ու որպեսզի մարդկանց ավելի համոզիչ լիներ, թե ինչի համար է գրվում այդ բողոք-նամակը, նրանց ասել են, թե ՓԾ տնօրենին ազատում են, որ նշանակեն այդ թիկունքի վարչության պետին: Ասել են՝ նա, որ եկավ, վատ է լինելու ձեր վիճակը՝ սկզբունքային է: Ես խորհրդակցության ժամանակ ասացի, որ նման մտադրություն չունեմ եւ երբեք չեմ մտածել այդ մասին, քանի որ թիկունքի վարչությունն իսկական նրա տեղն է: Փրկարար ծառայությունում 29 ղեկավար պաշտոններ կան, որոնք վարչության պետեր են եւ կարեւորագույն կառույցի ղեկավարներ: 29 մարդուն էլ ասել են՝ եկեք ստորագրեք: Նրանցից 20-ը հրաժարվել է՝ ասելով, որ այդտեղ սուտ է գրված: Դա ոչ մեկը չի տեսնում, բոլորը տեսնում են այն 9-ին, որ ստորագրել են:
Մանրամասները՝ [url=IwAR0iP_Wa6ggcxN9CMMNhViyukOrkr8mjVIUXQeZTDyGbBapA7TVtiMjlxAc]Armtimes.com[/url]-ում
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
17393 դիտում
23:09 07-12-2020
Թե՛ պատերազմի, թե՛ երկրաշարժի հետևանքների հաղթահարման ուղղությամբ անելիքներ դեռ շատ կան. ֆելիքս Ցոլակյան
Այս բաժնից
26802 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ