1452 դիտում
20:07 17-10-2019
Փաշինյանը և Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդական Էիիչի Հասեգավային: Նա Հայաստանում է հոկտեմբերի 16-18-ը Երևանում տեղի ունեցող «Գլոբալ ինովացիոն ֆորում»-ի շրջանակում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի խոսքով՝ Հայաստանը կարևորում է Ճապոնիայի հետ քաղաքական երկխոսությունը, որը դինամիկ զարգանում է դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, և դրա հիման վրա ձևավորված արդյունավետ համագործակցությունն ընդլայնման ներուժ ունի: Կառավարության ղեկավարը երախտագիտություն է հայտնել Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության (JICA) շրջանակում Հայաստանին տրամադրվող օժանդակության կապակցությամբ և նշել, որ իրականացվող համատեղ ծրագրերը նպաստում են տարբեր ոլորտներում հայ-ճապոնական կապերի զարգացմանը:
Էիիչի Հասեգավան շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպման համար և փոխանցել Ճապոնիայի վարչապետի բարեմաղթանքները ՀՀ վարչապետին՝ Հայաստանում ժողովրդավարության զարգացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների կապակցությամբ: Նա նշել է, որ Ճապոնիայի կառավարությունը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների սերտացմամբ և պատրաստ է քննարկել երկկողմ գործակցության հետագա զարգացման հեռանկարները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք բնագավառներում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի ընթացքի, կրթության, զբոսաշրջության, հումանիտար ոլորտներում կապերի սերտացման հեռանկարների շուրջ:
Վարչապետը վերահաստատել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին ուղղված՝ Հայաստան այցելելու իր հրավերը՝ նշելով, որ ուրախ կլինի հյուրընկալել գործընկերոջը և քննարկել հայ-ճապոնական արդյունավետ գործակցության հեռանկարները:
Նմանատիպ նյութեր
1805 դիտում
23:32 08-11-2019
ՏԿԵ նախարարությունում քննարկվել են մարզերի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը
Այս բաժնից
550 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
760 դիտում
09:29 12-01-2025
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի