211652_close_icon
views-count1529 դիտում article-date 17:35 17-10-2019

ՄԻՊ-ն առաջարկում է որոշ գրքերի վաճառքն ու տպագրության համար հումքի ներմուծումն ազատել ԱԱՀ-ից

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է օրենսդրական նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է գրքերի բոլոր տեսակների վաճառքը, ինչպես նաև գրքերի տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։ Ինչպես հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, նախագծերով առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություններ չտարածել ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքող, բռնություն կամ պատերազմ քարոզող, ինչպես նաև պոռնկագրական նյութերի վաճառքի նկատմամբ։ Ներկայիս կարգավորումներով ԱԱՀ-ից ազատման արտոնություններ սահմանված են դպրոցական գրքերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, բայց ոչ գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական կամ այլ բովանդակությամբ տպագիր կամ էլեկտրոնային գրքերի համար։ Խնդիրը Մարդու իրավունքների պաշտպանին է փոխանցել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, ինչպես նաև «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: Նախագծերի փաթեթի մշակմանը մասնակցել է նաև ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, ում հետ նույնպես քննարկվել է խնդիրը: Առաջարկվող փոփոխությունը կարևոր խթան կհանդիսանա գրքերի տպագրության ծավալների ընդլայնման և տպագիր կամ էլեկտրոնային գրքերի գների նվազեցման համար։ Նման փոփոխության համար հիմք է հանդիսացել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնի միջազգային փորձի ուսումնասիրությունը: Փաթեթն այստեղ՝ https://ombuds.am/images/files/746350cfae3db128774e78f59820f9c4.docx

Նմանատիպ նյութեր