211652_close_icon
views-count1580 դիտում article-date 17:20 08-10-2019

Հակոբ Սերոբյան. Ամեն ինչ հաշվարկված էր

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում շարունակվող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը բազմամարտում նվաճել է Տոկիո-2020-ի ուղեգիր, իսկ Արթուր Թովմասյանը օղակների վարժությունում դուրս է եկել եզրափակիչ։ ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը խոսեց մարզիկների ելույթների մասին։ «Արթուր Դավթյանի պարագայում ամեն ինչ հաշվարկված էր։ Երկրները, որոնք թիմային հաշվարկով արդեն ձեռք էին բերել ուղեգրեր, պայքարից դուրս էին։ Մեզ պետք էր, որ Արթուրը բազմամարտում նվաճի ուղեգիր։ Ես որոշեցի, որ պետք է շեշտը դնել ոչ թե հենացատկի, որը ավելի ռիսկային էր, այլ բազմամարտի վրա։ Քանի որ, եթե նա բազմամարտում էլ, հենացատկում էլ ուղեգիր նվաճեր, ուղեգրերից մեկը, այս դեպքում՝ բազմամարտինը, նա կորցնում էր։ Իմաստ չկար ռիսկի գնալ և բարդ ցատկ կատարել։ Այստեղ սխալի դեպքում կարող էինք կորցնել ամեն ինչ։ Ես հաշվեցի, թե ինչ միավորներ են պետք։ Արթուրը ստացավ հանձնարարությունը և հրաշալի կատարեց այն։ Ծրագրի մի մասն արդեն կատարված է։ Պետք է լավ աշխատենք և պատրաստվենք Տոկիո-2020-ին»,- նշեց մասնագետը։ Խոսելով Արթուր Թովմասյանի մասին՝ Հակոբ Սերոբյանը նշեց, որ նրան պետք է հոգեբանորեն լավ տրամադրել։ «Եզրափակիչ անցած 8 մասնակիցներից երեքն արդեն ուղեգրեր ունեն։ Ինչ-որ տեղ Թովմասյանի գործն արդեն հեշտանում է։ Նա պետք է ուղեգիր չնվաճած 2 մարզիկներից առաջ անցնի և այստեղ էլ կունենանք ուղեգիր։ Սա, իհարկե, ծրագրի նվազագույն մասն է։ Իհարկե, մեդալը մեզ շատ ավելի կուրախացնի»,- ասաց մարզիչը։ Հարություն Մերդինյանի մասին մարզիչը նշեց, որ 35-ամյա մարզիկը վերջինն էր ելույթ ունենում. «Ամենաբարդ ծրագիրը չի կատարել։ Այստեղ կարևոր էր, որ նա մաքուր կատարեր վարժությունը»։ Հիշեցնենք, որ Արթուր Թովմասյանը օղակների վարժությունում վաստակել է 14,566 միավոր և 8-րդ տեղով որակավորվել է եզրափակչին։ Եզրափակիչը կկայանա հոկտեմբերի 12-ին։

Նմանատիպ նյութեր