211652_close_icon

Մենք հիմա չենք կարող այդ կառույցի «դուռը շրխկացնենք»․ «Առավոտ»

views-count1608 դիտում article-date 10:25 02-10-2019
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ի հեճուկս չարագուշակ կանխատեսումների` ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը երեկ կայացավ Երևանում, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցեց այդ նիստին: Նրանք, ովքեր 2-3 շաբաթ առաջ հակառակն էին պնդում և, ըստ ամենայնի, ուրախանում էին այդ հեռանկարից, իհարկե, չեն ասի՝ ներեցեք, սխալվել ենք: Բայց ինձ թվում է, այն հարցերում, որոնք առնչվում են Հայաստանի պետական շահերին (և հետևաբար՝ նաև անվտանգությանը), «իշխանամետ» կամ «ընդդիմադիր» կեցվածքն այնքան էլ իմաստալից չէ. եթե մարդն ապրում է Հայաստանում և մտադիր է իր երկրում ապրել մինչև կյանքի վերջ, ապա հարափոփոխ կառավարությունների հանդեպ համակրանք-հակակրանքը չի կարող ավելի կարևոր լինել այն հարցից, թե որքանով են մեր պետության միջազգային դիրքերն ամուր, ինչ հեղինակություն ունի Հայաստանն այս տարածաշրջանում: Եթե հարցին նայենք այս տեսանկյունից, ապա ԵԱՏՄ գագաթաժողովը Երևանում, ինչպես նաև Պուտինի և Ռոհանիի միաժամանակյա ներկայությունը մեզ համար դրական փաստեր են: ԵԱՏՄ-ն ինձ համար զուտ քաղաքական կառույց է (ԱՊՀ-ի նման), դրանից տնտեսական վնասներն ավելի շատ են, քան օգուտները: Եթե տարբերակ կար այդ կառույցից խուսափելու՝ դա պետք է արվեր: Բայց հասկանալի (դարձյալ քաղաքական) պատճառներով մենք հիմա չենք կարող այդ կառույցի «դուռը շրխկացնենք»՝ դա արկածախնդրություն կլիներ: Հետևաբար, պետք է շարունակել մասնակցել այդ գործընթացին՝ հնարավորինս ներգրավելով այլ երկրների, հատկապես՝ Իրանին: ԵԱՏՄ-Իրան մերձեցման գործընթացին Հայաստանը շատ ակտիվ է մասնակցել, և այժմ էլ այդ ջանքերը շարունակվում են: Այստեղ պետք է արժանին մատուցել ոչ միայն ներկա, այլև նախորդ՝ Կարեն Կարապետյանի կառավարությանը, մասնավորապես, տնտեսական բլոկի նախարարություններին, ԱԳՆ-ին: Մեզանում հիմա ընդունված է պաշտոնական մակարդակով հայտարարել, որ այն ամենն, ինչ արվում էր նախկինում, սխալ էր: Դա նույնպես պետական մոտեցում չէ՝ ճիշտ այնպես, ինչպես Պուտինի չգալու կամ գագաթաժողովի տապալման մասին չարագուշակ կանխատեսումներ անելը: Ի դեպ, ներկայիս ԱԳՆ-ն, իմ կարծիքով, ճիշտ է վարվել՝ հայտարարելով, որ պատրաստվում է Թել-Ավիվում դեսպանատուն բացել. մեր լավ հարևանները պետք է հասկանան, թե ինչի համար է դա արվում: Քանի որ այդ հայտարարությունը որևէ ձևով չխոչընդոտեց Հասան Ռոհանիի երևանյան այցին, պետք է ենթադրել, որ մեր դիվանագետները կարողացել են իրանական կողմին ճիշտ հասցնել Հայաստանի դիրքորոշումը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր