211652_close_icon
views-count8385 դիտում article-date 19:45 28-09-2019

Նախկինում խոսվում էր, որ ԵՊՀ-ում խնամի-ծանոթ-բարեկամներ են, պետք է փոխել դա, և պրոռեկտոր է նշանակվում մարդ, որին բոլորը գիտեն պարզապես Արայիկ Հարությունյանի ընկեր. Արքմենիկ Նիկողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am

Կրթության ոլորտում հայտարարությունների մակարդակով բարեփոխումների փուլում ենք, բայց երբ անցնում ենք արդեն գործնական դաշտ, տեսնում ենք, որ ոչինչ չի փոխվել: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/09/27/nikoghosyan/3104226?fbclid=IwAR3FIzNy_JzJqmGu0YLS21YO9hKz1YIe8RXvCZQBC1gtyrGAviZtLfNRrmo]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը: «Փոխվել են մարդիկ, հիմնականում ռեկտորների մակարդակով, բայց, ըստ էության, ոչինչ չի փոխվել, որովհետև համակարգերը մնացել են նույնը: Եթե դատենք հայտարարությունների մակարդակով, կարող ենք ասել, որ հիմա բարեփոխումների փուլում ենք, բայց երբ հայտարարությունների մակարդակից անցնում ենք արդեն գործնական դաշտ, կարող ենք փաստել, որ, ըստ էության, ոչինչ չի փոխվել»,- նշեց նա: Արքմենիկ Նիկողոսյանի կարծիքով՝ ուսուցիչների աշխատավարձերի 10 տոկոսով բարձրացումը կրթական պրոցեսի բարելավում չի ապահովի: Ըստ նրա՝ սրանով կառավարությունն ավելի շատ սոցիալական խնդիր էր լուծում: «Գիտնականների վիճակը պարզապես շատ վատ է և վարձատրության, և արժեհամակարգային տեսանկյունից: Հեղափոխությունը գալիս է ինչ-որ մի բան փոխելու, բայց գիտության ոլորտում ընդհանրապես բան չի փոխվել: Ավելին, հատկապես ակադեմիական ինստիտուտներն այսօր անընդհատ ապրում, աշխատում են այն մտայնության մեջ, որ շուտով փակվելու են, որովհետև վերևներից անընդհատ սպառնալիքներ են հնչում, թե ինչու են դրանք պահվում»,- ասաց գրականագետը: Արքմենիկ Նիկողոսյանը արձանագրում է նաև, որ Երևանի պետական համալսարանի շուրջ վերջին իրադարձություններից հետո համալսարանը չունի այն դերը, արժեքը հասարակության մեջ, և գնալով վարկանիշի անկում կա: «Արամ Սիմոնյանին փոխարինել Գեղամ Գևորգյանով, որը ևս երկար տարիներ ԵՊՀ պրոռեկտորի պաշտոնում է եղել, չի նշանակում փոփոխություն համալսարանում: Ես նույնպես կողմ եմ եղել Արամ Սիմոնյանի՝ պաշտոնից հեռացմանը, բայց դրա փոխարեն պետք է գային նոր ուժեր՝ նոր հայեցակարգով, որպեսզի ԵՊՀ-ն բռներ զարգացման ուղին: Համալսարանի 100-ամյակի կապակցությամբ մեդալների, պարգևների հանձնման արարողություն եղավ, ռեկտորի պաշտոնակատարը պարգևատրեց բացառապես այն մարդկանց, որոնք նախորդ ԺՊ-ի ընտրություններում իրեն էին ձայն տվել և գիտխորհրդի այն անդամներին, որոնց ձայնը իրեն դեռ պետք է: Էլ ինչի մասին է խոսքը: Նախկինում խոսվում էր, որ համալսարանում խնամի-ծանոթ-բարեկամներ են, պետք է փոխել այդ ամենը, և պրոռեկտոր է նշանակվում մարդ, որին բոլորը գիտեն պարզապես Արայիկ Հարությունյանի ընկեր»,- ասաց Արքմենիկ Նիկողոսյանը: Նշենք, որ Արայիկ Հարությունյանի կուրսեցին՝ Արթուր Իսրայելյանը, նշանակվել է ԵՊՀ Միջազգային համագործակցության և հասարակայնության կապերի գծով պրոռեկտոր: ԵՊՀ մամուլի խոսնակ, դասախոս Գևորգ Էմին-Տերյանը ԵՊՀ-ում տեղի ունեցած «ամենախայտառակ նշանակում» էր որակել Արթուր Իսրայելյանի նշանակումը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/09/27/nikoghosyan/3104226?fbclid=IwAR3FIzNy_JzJqmGu0YLS21YO9hKz1YIe8RXvCZQBC1gtyrGAviZtLfNRrmo]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր