1703 դիտում
19:36 27-09-2019
Կայացել է «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարությունը` հանրային վստահության բարձրացման լույսի ներքո» համաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, կայացավ «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը` հանրային վստահության բարձրացման լույսի ներքո» խորագրով քաղաքացիական հասարակություն-կառավարություն համաժողովը, որը կազմակերպվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակներում՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության և Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հետ համատեղ:
Եվրամիությունը խիստ կարևորում է քաղհասարակության մասնակցությունը՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացներին, ներառյալ դատական, ինչպեսև՝ հակակոռուպցիոն ոլորտը։ Այս մասին համաժողովին՝ բացման իր խոսքում ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը՝ նշելով, որ ԵՄ-ն ուշադիր հետևում է Հայաստանի դատական ոլորտում տեղի ունեցող զարգացումներին՝ ներառյալ արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի և Մարդու իրավունքների վերաբերյալ հատուկ դրույթների իրականացմանը, և արդեն իսկ փորձագիտական աջակցություն է ցույց տալիս այս գործընթացին: «Հատկապես կարելի է առանձնացնել այն դրական միտումը, որն ուղղված է բարեփոխումների խթանման հարցում կառավարության հանձնառությանը, հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի առումով»,-նշեց Անդրեա Վիկտորինը:
Նոր ռազմավարության, դրա խնդիրների ու բացերի մասին պետք է անկեղծ խոսել. քննարկման սկզբում ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի և ՀՀ հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ԿԵՀ ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը: «Մենք այս ռազմավարությունները ուղղակի դիտել ենք որպես փաստաթղթեր, որոնք ուղղակի պետք է կատաարվեն, բայց այսօր եկել է այն ժամանակը, որ այդ ռազմավարությունները պետք է լինեն մարդակենտրոն, արժեք ստեղծեն մարդու համար: Տարիներ շարունակ Հայաստանից մեծ արտագաղթը կապված է եղել ոչ միայն սոցիալական խնդիրների, այլ հիմնականում նաև արդարության բացակայության հետ»,-նշեց նա:
«Հնարավոր չէ մեր սկզբունքային ծրագիրը կյանքի կոչել, եթե այս գործընթացում չլինի բոլորի մասնակցությունը: Մենք կարող ենք շատ հարցերում ունենալ տարընկալումներ, տարբեր կարծիքներ, սակայն ընդհանուր ուղղությունների մասով պետք է ունենանք մեկ միասնական կարծիք և ես կարծում եմ, որ այս ներառական քննարկումները՝ քաղհասարակության ներկայացուցիչների հետ, միտված են այդ նպատակին». ողջույնի իր խոսքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի խոսքով, ԲԴԽ-ն կարևորում է նման ձևաչափով քննարկումները. «Գտնում ենք, որ ԲԴԽ-ի կողմից որդեգրված քաղաքականությունը՝ շփվել հասարակության հետ պարզ, թափանցիկ և անկաշկանդ մեթոդով, համապատասխանում է այսօրվա հավաքի ձևաչափին»,-նշեց նա:
«Այն սկզբունքներն ու գաղափարները, որոնք ընկած են փաստաթղթի հիմքում, ընդունելի ու ընկալելի են բոլորի՝ այդ թվում իրավապահ մարմինների ներկայացուցիչների համար»,- ասաց գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը՝ նշելով, որ փաստաթղթում առկա առանձին դրույթներ դեռևս քննարկման առարկա պետք է դառնան:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն էլ նշեց, որ 2016 թվականի համեմատ 2019 թվականի առաջին կիսամյակի տվյալներով, ՔԿ-ում քրեական գործերի աճը գրեթե կրկնակի է եղել, ինչն էլ իրավական համակարգում և՛ իրավական, և՛ բովանդակային փոփոխությունների կարիք է առաջացնում: «Սրանով պայմանավորված, ողջունում եմ ռազմավարության մեջ տեղ գտած բազմաթիվ այն դրույթները, որոնք ուղղված են կարգավորելու նշված խնդիրները»,-ասաց Արսեն Այվազյանը:
«Դատական համակարգը, ի տարբերություն գործադիր և օրենսդիր իշխանությունների, պետք է առավել կայուն լինի: Սահմանադրությունը գործիքներ չի տալիս՝ քաղաքական փոփոխություններով պայմանավորված, փոխել նաև դատական իշխանության պաշտոնատար անձանց, որովհետև ամեն փոփոխություն կունենա իր հետևանքները, որի տուժողը լինելու է շարքային քաղաքացին»,- ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ նշելով, որ դատական համակարգում թե՛ հին, թե՛ նոր խնդիրներ կան:
Համաժողովին մասնավորապես քննարկվեցին անցումային արդարադատության գործիքակազմի, հանրության շրջանում դատական համակարգի վստահելիության բարձրացման, դատական համակարգի հանրային հաշվետվողականության կառուցակարգերի բարելավման, իրավապահ համակարգի արդյունավետության բարձրացման վերաբերյալ հարցեր:
Միջոցառմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Ռաֆիկ Գրիգորյանը, Աննա Վարդապետյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը, Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը, ՀՀ դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ Գրիգոր Ամիրյանը, փաստաբան Տիգրան Եգորյանը, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, Անցումային արդարադատության հարցերով Հարվարդի համալսարանի Մարդու իրավունքների քաղաքականության կենտրոնի նախկին գիտաշխատող Արտյոմ Գեղամյանը, ԿԵՀ ծրագրի արդարադատության և հարակից ոլորտների համակարգող, իրավաբան Արտյոմ Մեսրոպյանը, իրավաբան Լուսինե Նալբանդյանը, ովքեր հանդես եկան ելույթներով:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել 9 ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք ուղղված են հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: Ծրագրի շրջանակներում փոքր դրամաշնորհներ են տրամադրվել նաև 29 ՔՀԿ-ների։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1058 դիտում
15:40 13-05-2022
Կառավարությունը հաստատեց Հանրային կառավարման բարեփոխումների 2022-24 թվականների ռազմավարությունը
Այս բաժնից
598 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
529 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ