211652_close_icon
views-count1040 դիտում article-date 18:58 27-09-2019

ՀՀ Աժ նախագահն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ հարաբերությունների մակարդակը, որի ցայտուն օրինակ է Լիտվայի խորհրդարանի խոսնակի սպասվող այցը Հայաստան: Ազգային Ժողովի նախագահը գոհունակություն է հայտնել երկու խորհրդարանների բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքի համար: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Լիտվայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման, ինչպես նաեւ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացում իր երկրի մշտական աջակցության համար: Ստանիտե-Տոլոչկիենեն գոհունակությամբ նշել է, որ իր պաշտոնավարումը համընկել է Հայաստանի համար նման պատմական ժամանակաշրջանի հետ եւ ընդգծել, որ Հայաստանի ու Լիտվայի միջեւ ավանդաբար ձեւավորված բարեկամական կապերը առանձնահատուկ դրական միջավայր են ստեղծում քաղաքական երկխոսության համար: Դեսպանի խոսքով՝ Լիտվայում հետաքրքրությամբ են հետեւում Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին, արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Նա իրենց պատրաստակամությունն է հայտնել աջակցելու այդ օրակարգին, ինչպես նաեւ կիսվելու փորձառությամբ վերականգնվող էներգիայի, պլաստմասի վերամշակման եւ այլ ոլորտներում: Կողմերը համաձայնություն են հայտնել ակտիվացնել միջխորհրդարանական կապերն ինչպես բարեկամական խմբերի, այնպես էլ Եվրաինտեգրման հարցերով զբաղվող հանձնաժողովների մակարդակում:

Նմանատիպ նյութեր