211652_close_icon
views-count1530 դիտում article-date 15:08 26-09-2019

Հնդկաստանի նորանշանակ դեսպանն այցելեց ԵՊԲՀ

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպան Կիշան Դան Դևալին: Շնորհավորելով նշանակման կապակցությամբ` ռեկտորը դեսպանին մաղթեց բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք և հաջողություններ կարևոր և պատասխանատու գործում: Հանդիպման ընթացքում, ռեկտորն ընդգծեց, որ բժշկական համալսարանում այսօր կրթություն ստացող ավելի քան 900 հնդիկ ուսանողների ինչպես առաջադիմությունը, այնպես էլ կարգապահական ու կեցությանը վերաբերող հարցերը բուհի ամենօրյա ուշադրության կենտրոնում են: «Արդեն 3 տասնամյակ է, ինչ ԵՊԲՀ-ն Հնդկաստանի համար պատրաստում է բժիշկ մասնագետներ, որոնք այսօր աշխատում են ոչ միայն Հնդկաստանի, այլև աշխարհի հեղինակավոր բժշկական կազմակերպություններում»,-ընդգծեց ռեկտորը: Արմեն Մուրադյանի խոսքով՝ ԵՊԲՀ-ի գլխավոր խնդիրն է պատրաստել այնպիսի ապագա բժիշկներ, որոնք մրցունակ կլինեն ամբողջ աշխարհում: Հաշվի առնելով այս հանգմանքը՝ աշխատանքներ են տարվում բժշկական կրթության համակարգը խստացնելու ուղղությամբ: ԵՊԲՀ ռեկտորը նորանշանակ դեսպանին հանգամանալից ներկայացրեց այն քայլերը, որոնք բուհն այլ պատասխանատու մարմինների հետ իրականացնում է հնդիկ ուսանողների ուսումնառությունն էլ ավելի արդյունավետ կազմակերպելու համար: Բուհի ղեկավարությունը նորանշանակ դեսպանին տեղեկացրեց նաև, որ հնդիկ ուսանողներին հնարավորություն է ընձեռվել համալսարանական հիվանդանոցային համալիրներում կամավորական աշխատանք իրականացնել, ինչպես նաև ԵՊԲՀ-ի կողմից կազմակերպվել են անվճար դասընթացներ այն առարկաներից, որոնցից հնդիկ սովորողներն ունեցել են դժվարություններ ուսումնառության ընթացքում: ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեւալը շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը կատարված աշխատանքի համար և պատրաստակամություն հայտնեց շարունակել համատեղ ուժերով օպերատիվ քննարկել ու լուծել հնդիկ ուսանողների հետ կապված ցանկացած խնդիր: Ռեկտորը դեսպանին առաջարկեց պետական քննությունների հանձնաժողովում հնարավորության դեպքում ներգրավել նաև Հնդկաստանի «Հնդիկ բժիշկների խորհրդի» ազգային քննական կենտրոնի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ԵՊԲՀ-ում ստեղծվով շրջանավարտների ակումբի աշխատանքներին ԵՊԲՀ հնդիկ ուսանողների միության ակտիվ մասնակցության հարցին:

Նմանատիպ նյութեր