Սեպտեմբերի 21-ը լավագույն առիթն է անդրադառնալու այսօրվա ցավոտ խնդիրներին․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Սեպտեմբերի 21-ը լավագույն առիթն է ոչ միայն պատմական էքսկուրսներ անելու, խոսելու անցյալի սխալների և ձեռքբերումների մասին, այլև անդրադառնալու այսօրվա ցավոտ խնդիրներին: Դրանցից ամենակարևորը, իմ կարծիքով, պետություն-հասարակություն, պետություն-անհատ, պետություն-քաղաքացի չկարգավորված հարաբերություններն են:
Բազմաթիվ «ճիշտ», բայց վարկաբեկված բառերի շարքում իր «պատվավոր» տեղն են գրավում «պետություն», «պետականամետ» բառերը: Ուզենք թե չուզենք, մենք հակադրում ենք դրանք այլ՝ նույնքան կարևոր երևույթներին: Օրինակ, 2018-ի հեղափոխությունից առաջ ոստիկանության կարգախոսն էր՝ «ծառայելով պետությանը՝ ծառայում ենք ժողովրդին»: Այդպիսով, ժողովրդին, մարդկանց ծառայելը միջնորդավորվում է պետությամբ: Արդյո՞ք դա ճիշտ է, արդյո՞ք դա հնարավորություն չի տալիս «պետության շահերից» ելնելով չհարգել մարդկանց պահանջներն ու արժանապատվությունը:
ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման ժամանակ հայաստանցիների մեծամասնության աջակցությունը և անգամ հրճվանքն՝ այդ հարձակման և սպանությունների հետ կապված, անշուշտ, խոսում է պետական կարգի, պետության ինստիտուտների հանդեպ խորն արհամարհանքի, նաև հասարակության մեջ մարդասիրության, կարեկցանքի խիստ դեֆիցիտի մասին: Բայց ատելությունն այն ժամանակվա իշխանության հանդեպ այնքան մեծ էր, որ այդ ալիքը ծածկում էր ցանկացած՝ թե՛ պետական և թե՛ սովորական մարդկային բնազդները:
2008-ի մարտի 1-ին իշխանությունը նախ (հերթական անգամ) հարվածեց պետությանը՝ կեղծելով ընտրությունների արդյունքները, իսկ այնուհետև հարված հասցրեց մարդկանց՝ ֆիզիկապես ոչնչացնելով 10 հոգու և հալածելով հազարավոր քաղաքացիների՝ արդարացնելով դա «պետական շահերով»: Ահա թե ինչու է կարևոր այդ գործով դատավարությունը (որն, ի դեպ, այդպես էլ չի սկսվում)` դա ոչ թե վրեժխնդրություն է, այլ գոնե այս դրվագով պետություն-հասարակություն խզումը վերացնելու փորձ:
Քանի «պետական շահեր», «պետական մտածելակերպ» բառակապակցությունները հասարակական գիտակցության մեջ վարկաբեկված են և բացասական երանգներ են պարունակում, այդ խնդիրները միշտ էլ առաջանալու են»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]