211652_close_icon
views-count1951 դիտում article-date 21:00 16-09-2019

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետն հյուրընկալել է Գերմանիայի Դաշնության նախկին նախագահ Յոհակիմ Գաուկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Գերմանիայի Դաշնության նախկին նախագահ Յոհակիմ Գաուկին: Հանդիպմանը ներկա էին ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը,ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը: Հանդիպման ընթացքում Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը շնորհակալություն հայտնեց Յոհակիմ Գաուկին Հայաստանի նկատմամբ դրսևորած ուշադրության համար և ներկայացրեց Աստվածաբանության ֆակուլտետի հիմնադրման պատմությունը: «Աստվածաբանության ֆակուլտետը հիմնադրվել է 1995 թվականին, և ի պատիվ մեր իշխանությունների, պետք է նշեմ, որ մեր երկիրը նախկին Խորհրդային Միության երկրների մեջ միակն է եղել, որի պետական համալսարանում հիմնադրվել է Աստվածաբանության ֆակուլտետ»,- նշեց Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: Վերջինս նաև հավելեց, որ ֆակուլտետը բավականին ակտիվ համագործակցում է գերմանական համալսարանների հետ, մասնավորապես այդպիսի գործընկերոջ հաջող օրինակ է Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիտենբերգ համալսարանը: «Պետք է նշեմ, որ մեր ֆակուլտետը միշտ պատրաստ է համագործակցելու գերմանական բուհերի հետ: Այս պահին մտածում ենք կրկնակի դիպլոմավորմամբ մագիստրոսական ծրագիր հիմնելու մասին, որպեսզի մեր ուսանողները հնարավորություն ունենան իրենց ուսումը շարունակելու նաև Գերմանիայում և միասին աշխատելու ավարտական թեմաների շուրջ»,-հավելեց Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը նույնպես ողջունեց Գերմանիայի Դաշնության նախկին նախագահին: «Մեզ համար մեծագույն հպարտություն է Ձեզ տեսնել մեր հարյուրամյա համալսարանում,- ասաց Էլինա Ասրիյանը,- մեզ՝ հայրերիս, շատ լավ հայտնի է Ձեր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ, և մենք հասկանում ենք, որ առանց այդ դիրքորոշման, հավանաբար, մենք չէինք ունենա այն քաղաքական դիրքորոշումը, որն ունենք այսօր»: Նա հույս հայտնեց, որ նմանօրինակ հանդիպումները շարունակական բնույթ կկրեն: Աժ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ նշեց, որ Հայոց ցեղասպանության հարցը հայերի համար կարևոր է ազգային ինքնության պահպանման և պատմական արդարության վերականգման առումով: «Անցած տարի տեղի ունեցած փոփոխությունների շնորհիվ այժմ մենք ունենք Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու ցանկությամբ լի երիտասարդներ,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը,- ինքս բազմիցս Գերմանիայում մասնակցել եմ տարբեր հետազոտական ծրագրերի և շատ եմ կարևորում երկու երկրների միջև հատկապես գիտահետազոտական կապերի ամրապնդումը»: Հանդիպման ընթացքում Գերմանիայի Դաշնության նախկին նախագահ Յոհակիմ Գաուկը հետաքրքրվեց ԵՊՀ-ի պատմությամբ, ուսանողներին տրվող կրթաթոշակներով և համալսարանի հետ համագործակցության հեռանկարով: «Իհարկե, մեծ է համալսարանի դերը կիրթ և ժողովրդավարական հասարակություն ունենալու գործում, թեպետ պետք է նշեմ, որ այն այդքան էլ հեշտ գործընթաց չէ,-ասաց Յոհակիմ Գաուկը,- երբեմն դու ունես կաղապար, բայց չունես այն մտածողությունը, որ պետք է լցնի այդ կաղապարը, ուստի այդ ուղղությամբ պետք է շատ աշխատել»: Հանդիպման վերջում Գերմանիայի Դաշնության նախկին նախագահ Յոհակիմ Գաուկին ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը հանձնեց համալսարանական հուշանվեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր