230774 դիտում
09:13 16-09-2019
Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ և բռնկվել. հրշեջները 3 մոխրացած դիերը դուրս են բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում, բախվել են Վարոս Մարկոսյանի վարած BMW մակնիշի 01 МV 066 համարանիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ՝ 57-ամյա Ռազմիկ Ադամյանի վարած КамАЗ 53213 մակնիշի 777 TT 65 համարանիշի կցորդիչով բեռնատարը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով՝ մարզային փրկարարական վարչության պետ Մուրադ Մարգարյանի և ջոկատի հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ:
Հրշեջները, մարելով կրակը, BMW-ում հայտնաբերել են վարորդի և 2 ուղևորների՝ ամբողջովին մոխրացած դիերը:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Ամբակում Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Ավետյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ BMW-ի վարորդը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու բախվել КамАЗ-ին, ինչից առաջացել է հրդեհ:
Դեպքի վայրում հավաքված գյուղացիներն ասում էին. «Կրակը վայրկյանների ընթացքում տարածվեց, փրկարարները րոպեների ընթացքում 2 ավտոյով հասան դեպքի վայր, բայց ոչինչ չէին կարող անել, կրակը հանգցնելուց հետո նոր իմացանք, որ 3 հոգի վառվել է»։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանը, ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահան Աղգաշյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանն ու Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև Վեդու հիվանդանոցի բժիշկներն ու դի տեղափոխող բրիգադը:
Փրկարարները 1 ժամից ավելի տանջվեցին և հատուկ տեխնիկայի միջոցի օգտագործմամբ կարողացել են ավտոմեքենան մասնատել, որպեսզի դիերը դուրս բերեն:
Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Ավետյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը Պարսկաստանից էր վերադառնում, ուղևորներն էլ մայր ու դուստր էին, ու նրանք բնակվում էին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներն են Երևանի բնակիչներ՝ 51-ամյա Քրիստինե Մարտիրոսյանը, 29-ամյա Լուսինե Մարտիրոսյանը, Արարատի բժշկական կենտրոն են տեղափոխվել КамАЗ-ի վարորդ Ռ. Ադամյանը և նրա ուղևոր՝ Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Գևորգ Սարգսյանը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 198+
198+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15583 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35840 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց