211652_close_icon
views-count486433 դիտում article-date 17:34 07-01-2023

Ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են Opel-ն ու ՎԱԶ 21703-ը և բռնկվել․ 6 զոհերի մոխրացած դիերը ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 7-ին խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Ներքին Գետաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Opel և ՎԱԶ 21703 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջները մարել են ավտոմեքենաներում առաջացած հրդեհը, ապա հատուկ տեխնիկաների միջոցով 6 մոխրացած դիեր դուրս են բերել ավտոմեքենաներից ու օպերատիվորեն ժամանած Մարտունու բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ հատուկ պարկերով մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։ 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը։ 

Ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալաներ Արամ Ադիբեկյանի, Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանի, Մարտունու քննչական բաժնի պետի և 2 հատկապես կարևոր գործերով ավագ քննիչների գլխավորությամբ։ 

Դեպքի վայր է ժամանել նաև Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Վիգեն Մարտոյանը։

Վթարի փաստով՝ Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը։ 


21:00 

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց` ոստիկաններն ու քննիչները պարզել են` ՎԱԶ 21703-ը վարել է Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ 23-ամյա Նարեկ Կնյազյանը, իսկ Opel-ը վարել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ 33-ամյա Ավետիք Աբրոյանը։

Ավտովթար-հրդեհի հետևանքով վերջիններս և Ն․ Կնյազյանի ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ 32-ամյա Կարեն Իրիցյանը և Ա․ Աբրոյանի ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչներ 30-ամյա Արմինե Շախնազարյանը, 8-ամյա Նարե Աբրոյանը և 5-ամյա Վաղինակ Աբրոյանը տեղում մահացել են։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Opel-ի ուղևորները Opel-ի վարորդի կինն ու երեխաներն էին։


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 231+
231+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր