211652_close_icon
views-count126925 դիտում article-date 21:54 15-09-2019

Նարինե Կիրակոսյան. Արագածի լանջի Քարի լճի մոտ պատահած ողբերգության դեպքերը պետք է բացառել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Լրագրող Նարինե Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/narine.kirakosyan.5/posts/2624836187556159?__tn__=K-R]էջում[/url] գրել է. «Այս գրառումը կուզենայի, որ կիսվեիք տարբեր գյուղական, մարզային, տուրիստական, լեռնագնացային և որսորդական խմբերում։ Արագածի լանջի Քարի լճի մոտ երեկ պատահած ողբերգության մասին է և այն քայլերի, որ պետք է արվեն նման դեպքերը բացառելու համար։ Ըստ նախնական վարկածի, երեկ ցերեկը, ժամը երկուսի մոտակայքում լեհ զբոսաշրջիկների վրա արջ է հարձակվել։ Զբոսաշրջիկներից մեկը մահացել է։ Մանրամասն տեղեկություններ արդեն լրատվությամբ հաղորդել ենք։ Ես կենդանու և մարդու բախման վարկածների և պատճառների մասին կներկայացնեմ։ Մի փոքրիկ հետաքննություն արեցի և խճճվեցի Արագածի բնակիչների, Քարի լճի մոտի սննդի կետի աշխատակիցների և այլ մարդկանց հետ զրույցի արդյունքում։ Ըստ լրատվության, արջն ագրեսիա է դրսևորել, դեպքից հետո դեռ երկար մռնչացել է, կամ ձայներ հանել։ Ստույգ բառերով չեմ կարողանում հասկանալ, թե ի՞նչ են մարդիկ լսել իրականում։ Սակայն իմ տեղեկություններով, արջը բարձր ձայներ, ոչ դեպքից առաջ, ոչ հետո չի հանել։ Ավելին, այս գիշեր այդ արջը նորից շրջել է Քարի լճի մոտի Օդերևութաբանական կայանի և ռեստորանի մոտակայքում։ Այդտեղ մի մեծ աղբատեղի կա, որը արջի քիմքին արդեն տևական ժամանակ դուր է եկել։ Գալիս, գնում, սնվում է։ Ես նաև խոսեցի արջագետ (արջի մասնագետին մամմոլոգ են ասում) Մամիկոն Ղասաբյանի հետ, որը արջի և մարդու բախման պատճառների մի քանի վարկած թվարկեց։ Դրանք բոլորը նշելու կարիքը չկա, երկար և նեղ մասնագիտական են, բայց մի բան հստակ է, որ արջի պահվածքին պետք է հետևել, և դա պետք է մի՜միայն մասնագետներն անեն՝ հատուկ անվտանգության կանոնները պահելով։ ‼️Առաջարկում եմ, որ քնչական մարմինները դիմեն Շրջակա միջավայրի նախարարություն, կարմիրգրքյան կենդանու պահվածքը ուսումնասիրելու համար խումբ ստեղծել, որտեղ կներգրավվեն կենդանաբաններ, գիշատիչների գծով զբաղվող և, իհարկե արջաբաններ։ ‼️ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մարզային տեսուչներն էլ լավ կլինի բացատրական աշխատանքներ տանեն մարզպետների, գյուղապետների հետ, խնդրելով զբոսաշրջիկներ ուղիներում զգուշացնող ցուցանակներ տեղադրել, որտեղ կնշվի, թե ի՞նչ կենդանու հետ կարող են հանդիպել, կամ ի՞նչ վտանգներից զգույշ լինեն։ Նման ցուցանակներ բոլոր երկրներում կան, բայց Հայաստանում, չգիտես ինչու, չունենք։ Մի մեծ ծախս էլ դա չի պահանջի։ ‼️ Այս դեպքն ականջի հետև գցելու բան չէ․ գիշատիչների պահվածքում և հատկապես արջերի մոտ տարօրինակ անզգուշություն է դիտվում։ Մասնավոր զրույցներում բնակիչներից լսել եմ․ արջեր կան, որ մարդուն շատ մոտ են գալիս, չեն վախենում բարձր ձայներից, սուր հոտերից (բենզին, դիզվառելիք և այլ ոչ բնական հոտերից) չեն փախնում։ ‼️Արջի հավանական հարձակման պատճառները հասկանալու համար ոսումնասիրություններում պետք է ներգրավվեն ոչ միայն գիտության ազգային ակադեմիայի մասնագետները, գործնական փորձ ունեցող մասնագետներ Մանուկ Մանուկյանը, Հրաչ Ղազարյանը և այլ, նաև Բնության համաշխարհային հիմնադրամը WWF Armenia Կարեն Մանվելյանը, քանի որ նրանք տիրապետում են արդի մեթոդներին, ունեն պետք եկած գործիքները, ռեսուրսները։ ‼️ Պարզ է, որ մարդը ներխուժել է կենդանու տարածք։ Արագածի դեպքում, պարզ է, որ մարդն այս վերջին տարիներին համը հանել է։ Լեռը ամենաշատ այցելություններն ունի մեր երկրի այլ վայրերից։ Եվ տարի առ տարի ավելանում են զբոսաշրջիկների թիվը, որոնք հենց Արագած են ցանկանում այցելել, խփում են վրաններ հենց Քարի լճին և լեռան այլ մասերում, խաթարելով կենդանիների անդորրը։ Դրան գումարած աղբի կուտակումները, որոնք հավելյալ սննդի կետեր են դառնում գիշատիչների համար։ Եվ եթե չուսումնասիրել, թե ինչն է պատճառը, որ նման ողբերգություն է տեղի ունեցել, չպարզել արջի վարքը, ապա շատ հավանական է, որ նորից լսենք արջի հետ բախման մասին»։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/14/1135106/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, սեպտեմբերի 14-ին, ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ ինքը և իր ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը, որտեղ ենթարկվել են արջի հարձակման. ընկերը վիրավոր է: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Արագածոտնի մարզի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները՝ բաժի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև Էրեբունի բժշկական կենտրոնի բուժանձնակազմը և Աշտարակի հիվանդանոցի բժիշկները Արագած լեռան հարավային գագաթի լանջին հայտնաբերել են Լեհաստանի Հանրապետության քաղաքացի, Վարշավա քաղաքի բնակիչ, 33-ամյա Պյոտր Բ.-ի դին, որը փրկարարներն ու Աշտարակի հիվանդանոցի բժիշկները հատուկ ճոպաններով ահագին հատված պատգարակով ոտքով տեղափոխել են, ապա «Արմենիա ՀԵԼԻԿՈՓԹԵՐՍ» ՍՊԸ-ին պատկանող սանավիացիայի ուղղաթիռով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով տեղափոխել են: Արագածոտնի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել էին նաև, որ ահազանգը համապատասխան ծառայություններին տվել է նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի, Վարշավա քաղաքի բնակիչ, 31-ամյա Մարգարիտա Լ.-ն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս իրավապահներին հայտնել է, որ իրենք Արագած լեռան լանջին զբաղվում էին լեռնագնացությամբ, որի ժամանակ էլ արջը հարձակվել է ընկերոջ վրա, ինչի հետևանքով ընկերն ընկել է ձորը: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր