211652_close_icon
views-count3774 դիտում article-date 09:28 13-09-2019

Կիլիկիայի հայոց թագավորության մասին պատմող առաջին և միակ խաղարկային ֆիլմը ցուցադրվեց Երևանում

«Կիլիկիա. Առյուծների երկիր» երեք պատմական ֆիլմ-ակնարկները, որոնք ամփոփ, գեղարվեստական մոտեցմամբ հանդիսատեսին հաղորդակից են դարձնում Կիլիկիայի հզորագույն թագավորական դինաստիաների երեքհարյուրամյա պատմությանը, բարձրացավ երևանյան մեծ էկրան: Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ սեպտեմբերի 12-ին «Կինո պարկ» կինոթատրոնում: Ցուցադրությանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախաձեռնությունը կյանքի է կոչվել «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հիմնադիր՝ Խաչատուրյան ընտանիքի, մասնավորապես, լիբանանահայ բարերար Հարութ Խաչատուրյանի աջակցությամբ: «Ավելի քան քսան տարի «Գոհար»-ը ամբողջ աշխարհում ներկայացնում է հայկական երաժշտությունն ու հայոց պատմությունը: Համերգների ժամանակ դահլիճներում մշտապես ծածանվում են Կիլիկիայի դրոշները, մտածեցինք, որ լավ կլինի, եթե դրանք ծածանվեն նաև էկրանից այն կողմ և որոշեցինք ստեղծել վիդեոնյութ Կիլիկիայի մասին: Հետո զարգացրեցինք միտքն ու ֆիլմային մոտեցումը , որը կոչվում է «մուդրիլ»: Համաշխարհային կինոարտադրությունում դա մինչև լիամետրաժ ֆիլմ դառնալու նախագիծ է, որը քննարկվում է»,-պատմեց կինոնկարի ռեժիսոր Աշոտ Առաքելյանը: Ֆիլմի պրոդյուսեր Սևակ Սերոբեանի խոսքով` ընդամենը քսանհինգ րոպեում սեղմ ցույց են տվել իրենց կատարած աշխատանքը և այն, թե ինչ են կարող անել հետագայում: «Եթե նախաձեռնենք ֆիլմի լիամետրաժ տարբերակը, դրանում տեղ չեն գտնի այն դրվագները, որոնք ներկայացված են կարճամետրաժ ժապավենում»,-նշեց պրոդյուսերը: Նա շեշտեց, որ մեր պատմությունը շատ հզոր է և ճիշտ աշխատանքի դեպքում այն կարող է հետաքրքրել ամբողջ աշխարհին: «Մենք առաջին անգամ այս ֆիլմով խոսում ենք թագավորության մասին, ոչ թե մեր ազգի ցավի ու լացի»,-եզրափակեց Սերոբեանը: Ակնարկների արտադրական ընթացքը թե՛ ժամանակացույցի, թե՛ ծավալի առումով համապատասխանում է լիամետրաժ ֆիլմ ստեղծելու գործընթացին։ Բոլոր նկարահանումները կատարվել են Հայաստանում, սկսած մասշտաբային մարտի տեսարաններից մինչև ծովամարտ, որի նկարահանումները իրականացվել են «Կիլիկիա» նավի վրա։ Ժապավենը հագեցած է հարուստ վիզուալ լուծումներով և համակարգչային գրաֆիկայով: Ըստ հեղինակների՝ ֆիլմ-ակնարկներում առավելագույնս պահպանված է պատմական հավաստիությունը, սակայն թեմայի մատուցման գեղարվեստական և դրամատուրգիական մասն ապահովելու նպատակով կան պատմական դրվագներ, որոնք ներկայացվել են ռեժիսորի յուրահատուկ ստեղծագործ մոտեցմամբ: Դերասանական կազմն ընտրելիս առաջնային պայման է եղել ոչ թե հայտնի դերասանների մասնակցությունը, այլ պրոֆեսիոնալ և խարիզմատիկ կերպարների ներգրավումը։ Ֆիլմ-ակնարկները նկարահանելիս ստեղծագործական թիմն օգտվել է արխիվներում եղած պատմական նյութերից, համագործակցել պատմաբանի հետ։ Ստեղծագործական թիմը ձգտել է հնարավորինս ճշգրիտ պահպանել և հանդիսականին փոխանցել տվյալ ժամանակաշրջանի շունչը: Ֆիլմ-ակնարկների համար հատուկ երաժշտություն է գրվել, որը ձայնագրվել է «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի կատարմամբ: Առաջին ֆիլմ-ակնարկը ներկայացնում է Կիլիկիայի պատմությունը՝ հիմնադրման օրվանից մինչև ամենաազդեցիկ թագավորներից մեկի` Ռուբինյանների տոհմից սերող Լևոն Մեծագործի գահակալումը: Երկրորդ ֆիլմ-ակնարկն արտացոլում է 13-րդ դարի իրադարձությունները, Լևոն I թագավորի դուստր Զաբելի, նրա խնամակալ Կոնստանդին Պայլի և Զաբելի ամուսին՝ Հեթումյանների դինաստիայի հիմնադիր Կիլիկիո թագավոր Հեթումի կերպարները, տիրող պալատական բարքերն ու խարդավանքները։ Երրորդը ներկայացնում է 1219-1375 թվականների պատմությունը՝ Լևոն III-ի գահակալման տարիները, չորս կողմից կեղեքվող Կիլիկիան և վերջին թագավոր Լևոն V Լուսինյանին, որի հուղարկավորությամբ էլ ավարտվում է ֆիլմ-ակնարկը։ Մինչ Հայաստանում ցուցադրվելը ֆիլմը ներկայացվել էր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ցուցադրությանն ու քննարկմանը ներկա են եղել Լիբանանի կառավարության անդամներ, պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ, մշակույթի գործիչներ։

Նմանատիպ նյութեր