Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը ապօրինի թույլտվություններ է տվել. ՀՀ գլխավոր դատախազ
Ձկնային տնտեսություններին տրված ջրօգտագործման թույլտվությունների հետ կապված՝ քննվել է մեկ քրեական գործ, որի արդյունքում պարզվել է, որ բնապահպանության հայտնի նախարարը (Արամ Հարությունյանը) ապօրինի, առանց փորձաքննության, կամայական թույլտվություններ է տվել։
Այդ մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Հավելեց, որ ունենք տնտեսավարողներ, որոնք այս պահի դրությամբ պատշաճ չեն իրականացնում ջրային ռեսուրսների օգտագործումը, ինչը հղի է մեծ վտանգներով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Պարոն Դավթյան, ձեր ասածից ստացվում է՝ ի՞նչ պետք է անենք, եթե թույլտվություններն ապօրինի են տրվել, շատ բարդ իրավիճակ է։ Եթե 200-ն էլ գործող տնտեսություն են, ստացվում է բռնել, դրանք փակել։ Պետք է քննարկել և հասկանալ»։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն առաջարկեց հնարավորություն տալ տնտեսավարողներին հընթացս անցնել այս փորձաքննությունը, քանի որ հնարավոր է տնտեսավարողը տեղյակ չի եղել, որ թույլտվություն ստանալիս փորձաքննություն չի իրականացվել: