211652_close_icon
views-count205046 դիտում article-date 18:38 24-08-2019

Ողբերգական ավտովթար Վայոց ձորի մարզում. Jeep Grand Cherokee-ն 350 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. ընտանիքի անդամներից 3-ը տեղում մահացել են, կա 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 17:15-ին սահմաններում, Jeep Grand Cherokee մակնիշի 17 ԼՍ 177 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 18 կմ հատվածում, Քարագլուխ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 350 մետր մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, որոնց դիերը ձորից դուրս են բերել Եղեգնաձորի հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները՝ հատուկ ճոպանների միջոցով, 3 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ´ Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչները: Փաստի առթիվ քննչական վարչությունում ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով հարուցվել է քրգործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված ավտոմեքենան հաշվառված է Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 43-ամյա Հակոբ Կարապետյանի անվամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են. ավտոմեքենան նրանն է, թե նա վաճառել է այլ անձի: *** Օպերատիվորեն աշխատել են նաև Եղեգնաձորի բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր մոտ 300 մետր իջել են ձոր, նաև վտանգելով իրենց կյանքը, ու տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, որից հետո փրկարարների, ճանապարհային ոստիկանների և քաղաքացիների հետ վիրավորներին մեծ դժվարությամբ դուրս են բերել ձորից ու տեղափոխել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն: Փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարում էր Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության պետը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենայում եղել է մի ողջ ընտանիք: [color=#CC0000]*** 25.08.19 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Վայոց Ձորի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ ավտոմեքենան վարել է Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 43-ամյա Հակոբ Կարապետյանը: Ուղևորները եղել են Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ, 41-ամյա Անի Եղիազարյանը, 18-ամյա Սյուզի Կարապետյանը: Վերջիններս տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորներ, Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ, 61-ամյա Սուսաննա Կարապետյանը, 10-ամյա Դերենիկ Կարապետյանը և 16-ամյա Նոնա Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն: [/color] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 160+
160+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր