211652_close_icon
views-count3083 դիտում article-date 17:18 24-08-2019

Իշխան Զաքարյանը պարգևատրել է Համահայկական խաղերում ներդրում ունեցող երգիչներին և թուրքագետի

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը խաղերում ունեցած ներդրման համար մեդալով պարգևատրել է երգիչներ Թաթա Սիմոնյանին, Արման Հովհաննիսյանին և թուրքագետ Աշոտ Սողոմոնյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իշխան Զաքարյանը բարձր է գնահատել նրանց մասնակցությունը և հույս հայտեց, որ համագործակցությունը կշարունակվի: «Համահայկականը կշարունակի իր գործունեությունը, իսկ հայակականությունը մեր մեջ է»,- ասել է Զաքարյանը: Թուրքագետ Աշոտ Սողոմոնյանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հետ գործակցել է 2015 թվականից: Այն ժամանակ նույնպես Համահայկականի ջահը վառվել է Արևմտյան Հայաստանում՝ Վանում, իսկ այս անգամ՝ Մուսա լեռան ստորոտին: «Որոշեցինք, որ Համահայկականի ջահը հաղթական Արցախ կգա մեր հայրենիքի մեկ այլ պատմական ու հաղթական վայրից՝ Մուսա լեռից»,- նշել է Աշոտ Սողոմոնյանը: Թաթա Սիմոնյանը կարևորեց Համահայկական 7- րդ ամառային խաղերի բացումն Արցախում: «Համահայկական խաղերն օգնում են ճանաչել այլ երկրներում ապրող մեր հայրենակիցներին, շփվել նրանց հետ մոտիկից, դա շատ կարևոր է»,- ասել է Թաթան: Արման Հովհաննիսյանը Համահայկական խաղերը որակել է որպես հայրենասիրական մեծ նախաձեռնություն և նշել, որ մեծ սիրով է մասնակցում Համահայկականի միջոցառումներին: «Անբացատրելի զգացողություններ եմ ունենում, երբ մասնակցում եմ Համահայկական խաղերին: Շատ շնորհակալ եմ Իշխան Զաքարյանին և մյուս կազմակերպիչներին»,- ընդգծել է Արման Հովհաննյսյանը: Համահայկական ամառային 7- րդ խաղերը տեղի են ունեցել օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում և Արցախում։ Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն անցկացվել են Ստեփանակերտում, իսկ հաջորդ օրերը՝ Երևանում: Խաղերին մասնակցել են պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ, մարզական պատվիրակների թիվը հասել է մոտ 5300-ի։ Ամենամեծ պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից էր, որը ներառում էր 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում էր 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Չեխիան: Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակումը կայացավ օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։ Խաղերի նշանաբան էր՝ «Միասնություն՝ սպորտով»:

Նմանատիպ նյութեր