211652_close_icon
views-count3412 դիտում article-date 18:58 09-08-2019

Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահին և Սինգապուրի վարչապետին հրավիրել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին հրավիրել է Երևան` մասնակցելու հոկտեմբերին կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին: Այս մասին օգոստոսի 9-ին վարչապետը հայտնել է Ղրղզստանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի ընթացքում: «Այս տարվա հուլիսի սկզբին պաշտոնական այցեր կատարեցի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն և Սինգապուրի Հանրապետություն: Որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկիր՝ մենք առանձնակի ուշադրություն ենք դարձրել այս երկու երկրների հետ մեր կազմակերպության համագործակցության հարցերին: Քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները և, մասնավորապես, ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելու հարցը: Ձեռք է բերվել սկզբունքային պայմանավորվածություն առ այն, որ բանակցային գործընթացը ժամանակին ավարտելու և համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու դեպքում Սինգապուրի վարչապետը պատրաստ է մասնակցել Երևանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, որի ընթացքում կստորագրվի այդ համաձայնագիրը: Այս հարցում ես ստացա մեր բոլոր երկրների ղեկավարների համաձայնությունը»,- նշել է վարչապետը: Փաշինյանը ԵԱՏՄ անդամ պետություններին ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարությանը խնդրել է հնարավորինս արագացնել համաձայնագրի նախագծի համաձայնեցման հետ կապված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, որպեսզի հոկտեմբերի 1-ին Երևանում այն հաջողությամբ ստորագրվի: Վարչապետը հայտնել է նաև, որ Երևան է հրավիրել նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիին: «ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հետ պայմանավորվածություններին համապատասխան ես հրավիրել եմ նաև Իրանի նախագահին՝ մասնակցել Երևանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին»,- հավելել է Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում, կանցկացվի միջազգային համաժողով «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» թեմայով:

Նմանատիպ նյութեր