Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկել է գիտաժողովների շարք
ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՊԱՀՀ) օգոստոսի 7-ին տեղի է ունեցել «ՀՀ Զինված ուժերի զարգացման ուղղությունները՝ ժամանակակից պատերազմների բնույթի հաշվառմամբ» խորագրով գիտաժողով, որին մասնակցում էին գիտնականներ ՀՀ ՊՆ-ից, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ից, ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ից, ՀՀ անվտանգության խորհրդից, ԵՊՀ-ից, Պետական կառավարման ակադեմիայից, ինչպես նաև քաղաքագետներ, պատմաբաններ, փորձագետներ տարբեր բնագավառներից:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գիտաժողովում հիմնական զեկուցումներով հանդես են եկել ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը, ՊԱՀՀ-ի ավագ սպա, փոխգնդապետ Առլեն Շահվերդյանը, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ, ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ներկայացուցիչներ:
Գեներալ-մայոր Տավարածյանն իր խոսքում ընդգծել է, որ համալսարանը վստահ և հետևողական քայլերով շարժվում է առաջ, մեծ ջանասիրությամբ կատարելով իր առջև դրված բոլոր խնդիրները, զարգացնելով ինչպես հետազոտական, այնպես էլ կրթական բաղադրիչները: