142163 դիտում
20:29 03-08-2019
Լարված իրավիճակ Գեղարքունիքի մարզում. հանգուցյալի այլանդակված դին ստացած հարազատներն ու համագյուղացիները առողջապահության նախարարից պահանջում են Վարդենիսի դիահերձարանում «բարդակը» վերացնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 3-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ծովակ գյուղի ավելի քան 150 բնակիչներ՝ ի նշան բողոքի, սպառնում են փակել Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Վարդենիս մտնող գլխավոր ճանապարհը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«Ո՞ւր են նայում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ինչո՞ւ չեն բարեհաճում գոնե մեկ անգամ այցելել Վարդենիսի հիվանդանոց, Վարդենիսի դիահերձարան ու սեփական աչքերով տեսնել այն «բարդակ» վիճակը, որը տիրում է դիահերձարանում:
100 մետրից անգամ չես կարող մոտենալ դիահերձարանին: Հակասանիտարական վիճակի պատճառով մարդ սրտխառնոց է ունենում: Տարրական ոչ մի պայման չկա: Ոչ սառնարանայինն պայմաններն են գործում, ոչ էլ՝ կոմունալ: Դատական բժիշկը ասես դի խոշտանգող լինի:
Հուլիսի 31-ին մեր գյուղի բնակիչ, 82-ամյա Օսան Սարդարյանը մահացավ, և առավոտյան 9-ի կողմերը դին տեղափոխեցինք Վարդենիսի դիահերձարան: Ավելի լավ է, չտեղափոխեինք, ու մեր մոր դին այլանդակված չտեսնեինք», ասում էին մահացածի որդիները: - «Ո՞վ է տեսել, որ դին 24 ժամից ավելի անտեր իրի նման դիահերձարանում գցած լինի»:
Մահացածի քույրը, ով նույնպես մեծահասակ է, արցունքն աչքերին ասում էր. «Իմ սիրուն քրոջս անատոմիկից բերեցինք, չճանաչեցինք: Դեմքը լրիվ անճանաչելի էր դարձել: Ո՞վ է տեսել, որ 21-րդ դարում նման անմարդկային վերաբերմունք ցուցաբերվի հանգուցյալի նկատմամբ»:
«Էդ առողջապահության նախարարը թամահ չի անում մի անգամ գա ու քթին առնի այդ գարշահոտությունը, իր աչքով տեսնի Վարդենիսի դիահերձարանում տիրող բարձիթողի վիճակը: Տեսնես, նախարարն ու մարզպետը, կամ մյուս պատասխանատուները, որ այս պայմանները տեսնեն, իրենց հանգուցյալ մտերիմներին կվստահե՞ն Վարդենիսի դիահերձարանի դատաբժշկին, թե՞՝ ոչ: Հավատացած ենք, սկի կողքով չէին թողնի անցներ», նշում էին գյուղացիները:
«Մենք պահանջում ենք, որ այս խնդրի լուծումը իր հսկողության տակ վերցնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու նրա ընդամենը մեկ խիստ կարգադրությունը բավական է, որպեսզի վերջ տրվի տարիներ շարունակ Վարդնիսի դիահերձարանում տիրող բարձիթող վիճակին: Հետաքրքիր է, դատաբժշկի միջոցով ուզում ենք իմանալ մեր մոր մահվան պատճառը, ոչ մի պատասխան չենք ստանում: Միթե՞ իրավիճակ է փոխվել: Եթե իրոք իրավիճակ է փոխվել, ապա Վարդենիսի դիահերձարանում պետք է ստեղծվեին տարրական պայմաններ՝ հանգուցյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը բացառելու համար»:
Բողոքի ակցիայի մասնակիցները ասացին նաև, որ հիմա հրաժարվում են ճանապարհ փակելու մտքից՝ հուսալով, որ կառավարությունը, առողջապահության նախարարությունը, ՀՀ ոստիկանություն ու գլխավոր դատախազությունը օրերի ընթացքում քննություն կկատարեն և ջրի երես կհանեն այս իրավիճակի պատասխանատուներին: «Հակառակ դեպքում դիմելու ենք ծայրահեղ միջոցի, ընդհուպ՝ ճանապարհը փակելով»:
Գյուղացիները նաև ասում էին «Հեղափոխությունից հետո գրեթե ամեն օր հեռուստատեսությամբ լսում ենք, որ ԱԱԾ-ն, ՀՀ ոստիկանությունը, Գլխավոր դատախազությունը, Հատուկ Քննչական ծառայությունը և Հատուկ քննչական կոմիտեն բազմաթիվ չարաշահումների դեպքեր են բացահայտում ու վստահ ենք, որ եթե այդ կառույցներից որևէ մեկը մի թեթև ստուգում կատարի Վարդենիսի դիահերձարանում, ապա քրեական գործերը կկազմեն մի քանի հատոր»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
169083 դիտում
17:13 26-03-2020
Սրբապղծություն Երևանում. դիահերձարանում գողացել են հանգուցյալի ոսկյա մատանին
Այս բաժնից
34475 դիտում
22:51 23-12-2024
Վանաձորի փողոցներում պարեկներին փոխարինելու են եկել Ձմեռ պապիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ