44617 դիտում
22:08 31-07-2019
Ավտովթար Արմավիրի մարզում. Ակնալիճ գյուղում Mercedes-ը, գլխիվայր շրջվելով, հայտնվել է դաշտում՝ բախվելով բետոնե ցանկապատին. կան վիրավորներ. ժամանել են ճանապարհային ու ռազմական ոստիկանության ծառայողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 NL 993 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ակնալիճ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, 1 պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում՝ բախվելով բետոնե ցանկապատին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը, և նրան ուղեկցել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահան Էվինյանը։
Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում նույն վաշտի 1-ին դասակի տեսուչներ Աշոտ Զոհրաբյանը և Հովհաննես Պետրոսյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Սպարտակ Ղազարյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմի փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արմավիրի մարզի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները, քանի որ տեղեկություններ կան, որ վիրավորներից մեկը զինվորական է։
Ոստիկանությունն ու ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+