Արտակ Քամալյանը միջազգային դոնորների հետ քննարկել է գյուղոլորտի զարգացման ուղղությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կայուն գյուղատնտեսության զարգացման ռազմավարության փաստաթղթի քննարկումը, որին ներկա են եղել մի շարք շահագրգիռ միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչներ, փորձագետներ։ Տեղեկացնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Մասնավորապես փաստաթղթի մշակման աշխատանքներում ներգրավված են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մի շարք միջազգային փորձագետներ, տեղական փորձագետներ, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ կողմից հատուկ հրավիրված փորձագետներ։
Քննարկման ընթացքում ներկայացվել է ռազմավարության փաստաթղթի նախագիծը։ Վերջին ամիսներին մշակվող կայուն գյուղատնտեսության զարգացման ռազմավարության փաստաթղթով նախատեսված է գույքագրել գյուղատնտեսության ոլորտի առկա իրավիճակը, նախանշել զարգացման ուղղությունները, առաջիկա տարիների համար թիրախային ցուցանիշները և դրանց հասնելու ճանապարհային քարտեզը։
Առաջիկայում նախատեսվում է ռազմավարության փաստաթղթի առավել լայնածավալ քննարկումների կազմակերպում ոլորտի շահագրգիռ կողմերի հետ, մասնավորապես՝ փորձագետների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների։