211652_close_icon
views-count1406 դիտում article-date 21:27 24-07-2019

Արցախի ԱԺ-ն հյուրընկալել է ԵՊՀ մշակութաբանության բաժնի ուսանողներին

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) մշակութաբանության բաժնի ուսանողները՝ նույն բաժնի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ հուլիսի 24-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հանդիպումներ են ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամների և ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Ինչպես տեղեկացրեցին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խումբը Ստեփանակերտ է ժամանել ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի հրավերով՝ Արցախի մշակութային քաղաքականության հայեցակարգը մշակելու նպատակով հետազոտություններ կատարելու համար: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանի և տեղակալ Վարդգես Ուլուբաբյանի հետ հանդիպման ընթացքում խմբի անդամները տեղեկություններ են հայտնել հետազոտության ընթացքի մասին և հետաքրքրվել բնագավառի օրենսդրական կարգավորումներով ու հեռանկարներով: Արմեն Սարգսյանը, խոսելով հայեցակարգի անհրաժեշտության մասին, նշել է, որ այն հնարավորություն կընձեռի հստակեցնել սկզբունքները և տակտիկական քայլերից անցնել հստակ ուղղորդված քաղաքականության: Նա նաև հավելել է, որ հայեցակարգը պետք է արտացոլի ղարաբաղյան մշակույթի առանձնահատկությունները: Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել մշակույթի ոլորտի օրենսդրական կարգավորումների և դրանց կատարելագործման ուղղությամբ առաջարկներ հավաքագրելու վերաբերյալ: Հյուրերին այնուհետև ընդունել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ով կարևորել է նախաձեռնությունը՝ նշելով մշակութային քաղաքականության՝ մարդկանց մտածողության, գործելակերպի ու ճաշակի ձևավորման վրա ունեցած զգալի դերակատարությունը: Խորհրդարանի ղեկավարը խոսել է մշակութային քաղաքականության արտաքին նշանակության, մշակութային ժառանգության պահպանման և այլ ժողովուրդների մշակույթների հետ փոխգործակցության անհրաժեշտության մասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի օրենսդրական կարգավորումների առկա վիճակին և դրանց գործնական կիրարկմանը, մշակութի սոցիալականացմանն ու հավելյալ արդյունք ստեղծելու հնարավորություններին վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր