211652_close_icon
views-count4221 դիտում article-date 12:09 23-04-2017

ԱԻՆ-ում հյուրընկալել են Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներին

Երեկ՝ ապրիլի 22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հյուրընկալել էր Հայաստանի ամերիկյան համալսարանի մի խումբ ուսանողների՝ նույն համալսարանի դասախոս Ա. Ավետիսյանի գլխավորությամբ: Այցի նպատակն էր ծանոթանալ ՀՀ ԱԻ նախարարության գործունեությանը, կառուցվածքին, ինչպես նաև արտակարգ իրավիճակների դեպքում ազդարարման, արձագանքման և մշտադիտարկման գործընթացները համակարգող ստորաբաժանումների աշխատանքին: ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Գրիգորյանի ուղեկցությամբ ուսանողները շրջեցին նախարարության երկրորդ մասնաշենքում: Ն. Գրիգորյանն ուսանողներին ներկայացրեց ԱԻ նախարարության կառուցվածքը, գործունեության ուղղություններն ու դերը բնակչության պաշտպանության համակարգի զարգացման գործում: ՓԾ տնօրենի տեղակալն անդրադարձավ նաև Սպիտակի երկրաշարժից քաղած դասերին, ԱԻՆ ձեռքբերումներին, աղետների ռիսկերի կառավարման անհրաժեշտությանը և այդ հարցում Հյոգոյի ու Սենդայի գործողությունների ծրագրերի ունեցած դերակատարությանը: -Սպիտակի երկրաշարժը փոխեց ամեն ինչ, փոխվեց նաև համաշխարհային քաղաքականությունը: Այսօր արդեն թիվ մեկ խնդիրն աղետների ռիսկի կառավարումն է, առանց որի և առանց դիմակայունության հզորացման չի կարող կայուն զարգացում լինել,-նշեց Ն. Գրիգորյանը: Ուսանողները եղան նաև նախարարության՝ նորագույն սարքավորումներով հագեցած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, որտեղ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը նրանց ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, կառուցվածքը, ազդարարման, արձագանքման և մշտադիտարկման լայն հնարավորություններն ու «911» ծառայության առաքելությունը: Անդրադառնալով ՃԿԱԿ ստորաբաժանումների գործառույթներին՝ Հ. Խանգելդյանը կարևորեց ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ կենտրոնի համագործակցության դերը՝ հատկապես արտակարգ իրավիճակներում: Ուսանողներին հետաքրքրող հարցերին ՃԿԱԿ պետ Հ. Խանգելդյանը տվեց սպառիչ պատասխաններ: Հանդիպման վերջում ուսանողները ցանկություն հայտնեցին, որ ԱԻ նախարարություն ճանաչողական այցերը կրեն շարունակական բնույթ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր