211652_close_icon
views-count1489 դիտում article-date 12:11 24-07-2019

Խաղողի ֆիլոքսերա վնասատուի կանխարգելման աշխատանքները շարունակվում են

Այսօր Երևանում մեկնարկում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Բույսերի միջազգային պաշտպանության կոնվենցիայի քարտուղարության և ՀՀ կառավարության կողմից համատեղ կազմակերպված աշխատաժողովը, որն իրականացվում է խաղողի հավաստագրված ֆիլոքսերադիմացկուն տնկանյութի արտադրության ծրագրի շրջանակում: Երևանում տեղի ունեցող երկօրյա միջոցառմանը կհաջորդի այցելություն Արմավիրի մարզում գտնվող խաղողի կոլեկցիոն այգի և մայրուտ։ Աշխատաժողովը կնպաստի բույսերի պաշտպանության ոլորտի համապատասխան մարմինների կարողությունների հզորացմանը՝ երկիրը վտանգավոր, այդ թվում կարանտինային վնասատուների՝ հատկապես խաղողի ֆիլոքսերայի ազդեցությունից պաշտպանելու համար։ Տեղեկացնում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության գրասենյակը։ «Խաղողագործությունը և գինեգործությունը համարվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության արտադրության կարևորագույն ուղղություններից:» նշեց ՊԳԿ հայստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն: «Երկրի տնտեսության համար կարևորելով այս ոլորտը, կառավարությունը ՀՀ 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի մեջ ներառել է գինեգործությունը որպես գերակա ճյուղ: Սակայն ֆիլոքսերայի տարածումը լուրջ խնդիր է խաղողագործության համար և միայն համատեղ ջանքերի շնորհիվ կարելի է ցանկալի արդյունքի հասնել» հավելեց նա: Ֆիլոքսերայի հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է, որը Եվրոպա է թափանցել 1800-ականների կեսերին։ Ֆիլոքսերան սնվում է խաղողի վազերի արմատներով և տերևներով։ Վերջին տարիներին այս վնասատուն հայտնաբերվել է նաև Արարատյան դաշտավայրում, ինչից հետո Հայաստանն աջակցության խնդրանքով դիմել է ՊԳԿ-ին։ «Ֆիլոքսերայի տարածման և դրա դեմ պայքարի հիմնախնդրի լուծումն, ինքնին, բարդ հարց է, ինչը ՀՀ կառավարության, տարբեր ոլորտների և գործընկերների, այդ թվում՝ խաղողագործների, վերամշակողների և գիտահետազոտական հաստատությունների միջև արդյունավետ համագործակցություն է պահանջում», - նշեց ԲՄՊԿ-ի գյուղատնտեսական հարցերով ավագ պատասխատու Ավետիք Ներսիսյանը։ Պարոն Ներսիսյանն ընդգծեց նաև ՀՀ պետական բյուջեի միջոցներով ՊԳԿ-ի ծրագրի շարունակայնության ապահովման կարևորությունը։ Աշխատաժողովին մասնակցում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և այլ պետական մարմինների, կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: ՊԳԿ ծրագիրը մեկնարկել է 2017 թվականին, որը միտված է օժանդակել ՀՀ կառավարությանը խաղողագործության կայուն զարգացման նպատակով՝ հավաստագրված ֆիլոքսերադիմացկուն տնկանյութի արտադրությանն ուղղված տեխնիկական աջակցության միջոցով։ Աշխատաժողովի նպատակն է հնարավորություն ընձեռել գնահատելու ծրագրի առաջընթացը, ինչպես նաև նպաստել երկրում ֆիլոքսերայի և այլ վնասատուների տարածմանն ուղղված քննարկումներին։ Այն բարենպաստ հարթակ կստեղծի կառավարության և այլ գործընկերների շրջանում խնդրի կարևորության վերաբերյալ իրազեկության բարձրացման համար՝ օգնելով երկրին ֆիլոքսերադիմացկուն տնկանյութով նոր այգիներ հիմնելու: Աշխատաժողովը նաև նպատակ ունի մասնակիցներին խրախուսել ակտիվորեն ներգրավվելու Բույսերի միջազգային պաշտպանության կոնվենցիայի (ԲՄՊԿ) շրջանակում համագործակցող միջազգային կազմակերպությունների համաշխարհային ցանցի աշխատանքներին՝ բուսական աշխարհը վնասատուներից և հիվանդություններից պաշտպանելու համար։ Բույսերի միջազգային պաշտպանության կոնվենցիան ՊԳԿ-ի կողմից վերահսկվող միջազգային համաձայնագիր է, որի նպատակը համակարգված և արդյունավետ կերպով բույսերի և բուսական արտադրանքի վնասատուների և հիվանդությունների տարածումը և ներթափանցումը կանխարգելու և նրանց դեմ պայքարելու համապատասխան միջոցառումների իրականացման ապահովումն է։ Հայաստանը սույն Կոնվենցիան ստորագրել է 2006 թվականին։

Նմանատիպ նյութեր