211652_close_icon
views-count1263 դիտում article-date 10:40 24-07-2019

Սոցիալական խնդիրների արմատը առանց գողանալու, առանց իշխանավորի, բարեգործի վրա հույս դնելու ապրել կարողանալն է․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Չքաղաքականացված մարդիկ միևնույն երևույթին տալիս են նույն գնահատականը: Օրինակ, ՀՀԿ-ական իշխանությունը ՍԴ նախագահ էր կարգել իր մարդուն, հիմա նույնն անում է «Իմքայլական» իշխանությունը: Քաղաքականացված մարդիկ ասում են՝ «առաջինը սխալ էր, երկրորդը՝ ճիշտ»: Կամ հակառակը: Որոշակի քաղաքական ուղղվածություն ունեցող մարդիկ վստահ են, որ մինչև 2018 թվականի մայիսը ոստիկանների պահանջները չէին կատարում, նրանց հետ բախվում էին, միջպետական ճանապահներ էին փակում հպարտ քաղաքացիները, ռեժիմի դեմ պայքարողները, և եթե նրանք բերման էին ենթարկվում կամ ազատազրկվում էին, ապա նրանց անհրաժեշտ էր քաղբանտարկյալ ճանաչել: Նույն ուղղության ներկայացուցիչները համոզված են, որ, օրինակ, Իջևանում մարդիկ խախտում էին օրենքը, զանգվածային անկարգությունների էին դիմում, կատարում էին ՀՀԿ-ականների և «փայտի մաֆիոզիների» պատվերը, և իշխանությունը շատ էլ ճիշտ է վարվել, որ կոշտ միջոցներ է կիրառել նրանց դեմ: Բայց այդպես չի լինում. կամ երկու դեպքերում իշխանությունները ճիշտ էին, կամ երկու դեպքերում էլ՝ սխալ: «Ինչ դատաստանով որ դատեք, նույն դատաստանով էլ կդատվեք, և ինչ չափով որ չափեք, նույն չափով էլ ձեզ համար կչափեն»՝ Աստավածաշունչը տրամաբանական և պրագմատիկ բանաձևեր է առաջարկում: Ի դեպ, շատ հնարավոր է, որ իջևանյան միտինգներն այնքան էլ ինքնաբուխ չէին, բացառված չէ, որ այնտեղ կային կազմակերպիչներ, որոնք, ամենայն հավանականությամբ, ունեին իրենց բիզնես շահերը: Բայց կարևոր է ոչ միայն այս կամ այն իրադարձության առիթը կամ պատճառներից մեկը, կարևոր է այն «ֆոնը», որը հնարավոր է դարձնում տվյալ իրադարձությունը: Իսկ այս դեպքում ֆոնը սոցիալական սուր խնդիրներն էին, որոնք եղել են մեկուկես տարի առաջ և որոնք մնացել են այսօր: Չլինեին այդ խնդիրները, ոչ մի «փայտային մաֆիոզի» չէր կարողանա ճանապարհի փակում և ոստիկանության հետ բախում կազմակերպել (անգամ եթե նման բան արել է): Իսկ սոցիալական խնդիրների արմատը ոչ միայն «նախորդների» ագահությունն է, այլև սեփական կյանքի համար պատասխանատվություն վերցնելու, առանց գողանալու, առանց իշխանավորի, օլիգարխի, բարեգործի վրա հույս դնելու ապրել կարողանալն է: Եվ դարձյալ. ինձ թվում է, երբ դրա մասին խոսում էր նախորդ իշխանությունը, նա ճիշտ էր, երբ հիմա նույնն ասում է ներկայիս իշխանությունը, նա նույնպես ճիշտ է: Դա իմ կարծիքն է, իհարկե: Գուցե երկուսն էլ սխալ են: Պարզապես պետք է նույն հարցի վերաբերյալ նույն դիրքորոշումն ունենալ: Ոչ թե տարբեր՝ կախված նախասիրություններից»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր