211652_close_icon

Վրաերթ՝ Երևանում․ «Tesla»-ն Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից մեկը անչափահաս է, ապա բախվել բազալտե աստիճաններին․ կա 4 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count10093 դիտում article-date 22:40 22-07-2025
Այսօր՝ հուլիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:45-ի սահմաններում «Tesla» մակնիշի ավտոմեքենան Շերամի փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վրաերթի ենթարկել հետիոտնի համար նախատեսված վայրում կանգնած 3 քաղաքացու։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև «Tesla»-ն բախվել է դեպի բարձրահարկ շենք տանող բազալտե աստիճաններին։

Վրաերթի հետևանքով 3 հետիոտները, որոնցից մեկը անչափահաս է, ու «Tesla»-ի վարորդը տեղափոխվել են․ անչափահասը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ չափահասները՝ այլ հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վաղարշակ Սարգսյանը և պարեկ Ադրանիկ Ալավերդյանը։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Նարեկ Պետրոսյանի գլխավորությամբ։

Վրաերթ-վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ շտապ օգնության ու փրկարարների ժամանումը վարորդին և վրաերթի ենթարկված քաղաքացիներին օգնության են հասել դեպքի հարևանությամբ բնակվող քաղաքացիները։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+

Նմանատիպ նյութեր