211652_close_icon
views-count1313 դիտում article-date 14:00 18-07-2019

105 մլն դրամ կհատկացվի Զբոսաշրջության կոմիտեին ենթակառուցվածքների զարգացման և Հայաստանի ճանաչելիության բարձրացման համար

Կառավարությունն այսօրվա նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեին լրացուցիչ գումար հատկացրեց` ավելացնելով ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի եկամուտները և ծախսերի ծրագրային ցուցանիշները 105.0 մլն դրամով: Ներկայացվող ենթածրագրերn ուղղված են զբոսաշրջության ոլորտի առաջնային երկու հիմնախնդիրների լուծմանը՝ ենթակառուցվածքների զարգացմանը և Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը միջազգային զբոսաշրջային շուկայում։ Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի ճանաչելության բարձրացման նպատակով հավելյալ 90.0 մլն ՀՀ դրամը կուղղվի ընտրված թիրախային շուկաներում մարքեթինգային միջոցառումների իրականացմանը: Նպատակն է թիրախավորել նոր շուկաներ և վերջիններում, ինչպես նաև հիմնական նպատակային շուկաներում իրականացնել խոշոր և համակարգված մարքեթինգային միջոցառումներ, որոնք կնպաստեն տվյալ երկրներից դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի շարունակական ավելացմանը։ Զբոսաշրջության տարեկան ծրագրի շրջանակներում Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործընթացn իրականացվում է 3 հիմնական ուղղություններով՝ Հայաստանի մասնակցությունը միջազգային զբոսաշրջային խոշոր ցուցահանդեսներին, դեպի Հայաստան մասնագիտացված ԶԼՄ-ների և բլոգերների ճանաչողական այցերի կազմակերպում և թիրախավորված թվային մարքեթինգի իրականացում։ Նախագծով առաջարկվում է իրականացնել լայնածավալ մարքեթինգային արշավներ 3 հիմնական թիրախային շուկաներում, մասնավորապես. Ռուսաստան` Ռուսական ավիաընկերությունների, Մոսկվայի մետրոպոլիտենի, ռուսական հայտնի կինոթատրոնների ցանցերի և այլ ամենաշատ այցելվող վայրերում «Армения, это же так доступно» «Հայաստանն այնքան հասանելի է» գովազդային արշավների կազմակերպում, այդ թվում․ Հայաստանի մասին տեսահոլովակների և բաներների տեղադրման ապահովում` թիրախավորվելով Ռուսաստանի մայրաքաղաքը և 1 մլն-ից ավել բնակչություն ունեցող մի շարք քաղաքներ: Վրաստան՝ Վրաստանի մի շարք հայտնի զբոսաշրջավայրերում և զբոսաշրջային ենթակառուցվածքներում նախատեսվոււմ է «Հայաստան, քո հաջորդ ուղղությունը» «Armenia, your next destination» մարքեթինգային արշավների կազմակերպում, այդ թվում՝ ինտերակտիվ բաներների և տեսահոլովակների տեղադրում․ արշավը հնարավորություն կտա թիրախավորել ոչ միայն վրացի զբոսաշրջիկներին, այլև տվյալ պահին Վրաստանում գտնվող այցելուներին և հնարավորություն կստեղծվի Վրաստանի միջազգային զբոսաշրջային հոսքերի մի մասն ուղղել դեպի Հայաստան: Չինաստան՝ Չինական WeChat առցանց հարթակի, չինական ավիաընկերությունների և մի շարք այլ հայտնի հարթակների միջոցով «Armenia- Emotions are Visa Free now» «Հայաստանն. էմոցիաները այժմ առանց վիզա են» գովազդային արշավների կազմակերպում, ինչը կնպաստի չինական շուկայում Հայաստանի մասին ճանաչելիութան բարձրացմանը և առանց մուտքի արտոնագրի Հայաստան մուտքի հնարավորության մասին իրազեկմանը։ Նախատեսվող ենթածրագրերի իրականացման արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի ճանաչելիությունը, ապահովել դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի կայուն և կտրուկ ավելացում, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, խթանել տարածքային համաչափ զարգացմանը և նպաստել լրացուցիչ ֆինանսական մուտքերի ներգրավմանը ՀՀ պետական բյուջե։ Ենթակառուցվածքների զարգացման համար ծրագրով նախատեսվում է նախագծել տեսարժան վայրերի հարակից տարածքների բարեկարգման տիպային մոդել, ըստ որի` կառանձնացվեն համայնքային առևտրի գոտիները, կկառուցվեն միանման տաղավարներ համայնքի` վաճառք իրականացնող բնակիչների համար, կբարեկարգվի և կգծանշվի ավտոկայանատեղի, ինչպես նաև կսահմանվի մեքենաների մուտք ու ելքի կայանման ձևաչափ: Վերոհիշյալ աշխատանքների իրականացման համար ահրաժեշտ ֆինանսական հատկացումը կազմում է 15 մլն ՀՀ դրամ, ինչի արդյունքում մշակված նախագծերը կդառնան տիպային մոդելներ ՀՀ մարզերում կիրառելու և նպաստելու հանրային ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև վերջիններս կդիտարկվեն նաև որպես զբոսաշրջության ոլորտում ներդրումների ներգրավման նոր միջոցներ։

Նմանատիպ նյութեր