211652_close_icon
views-count3423 դիտում article-date 14:45 16-07-2019

Եվրամիությունը հայտարարել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին

Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում իրականացվող հորատման աշխատանքները շարունակելու ռնչությամբ Եվրոպական Միությունը հրապարակել է Թուրքիայի դեմ իրականացվելիք պատժամիջոցների փաթեթը: Ինչպես հաղորդում է գերմանական «Deutsche Welle» կայքը, Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումը կայացվել է Բրյուսելում արտաքին հարաբերությունների խորհրդի անդամների կողմից՝ հիմնավորումով, որ Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքները հակասում են միջազգային իրավունքի նորմերին: ԵՄ արտաքին գործերի նախարարների նպատակն է պատժամիջոցների միջոցով հասնել նրան, որ թուրքական կողմը դադարեցնի Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում իրականացվող հորատման աշխատանքները: Որոշման մեջ նշված է. «Ցավալի է, որ չնայած արված բազմաթիվ կոչերին, Թուրքիան շարունակեց հորատման աշխատանքները»: Պատժամիջոցներով նախատեսվում է հետևյալը՝ Թուրքիան 2020 թվականին ԵՄ-ից ֆինանսական օժանդակություն պետք է ստանա, սակայն պատժամիջոցների արդյունքում այդ օժանդակությունը նվազեցվում է 146 մլն եվրոյով: Տնտեսական և առևտրային հարաբերությունների վերաբերյալ քաղաքական երկխոսությունները չեղարկվելու են: Ավիացիոն պայմանագրերի կնքման բանակցությունները ընդհատվելու են: Եվրոպական ներդրումային բանկից Թուրքիային տրվելիք վարկային օժանդակությունը վերանայվելու է: Որոշման մեջ նշված է նաև, որ եթե Թուրքիան, Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանության իրավունքները խախտելով, հորատման աշխատանքները շարունակի, ապա հավելյալ պատժամիջոցներ կկիրառվեն: Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում հորատման աշխատանքները սկսվել էին դեռ ավելի վաղ: Թուրքիայի՝ հորատման աշխատանքներ իրականացնող առաջին նավը՝ Ֆաթիհը, դեռ մայիսին հորատման աշխատանքներ էր սկսել Կիպրոսի արևմտյան շրջաններում: Իսկ երկրորդ նավը՝ Յավուզը, հուլիսի 8-ի գիշերը հասել էր կղզու հյուսիսարևելյան ափերին:

Նմանատիպ նյութեր