ԱԺ պատգամավորներն այցելեցին Ֆուտբոլի ակադեմիա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և
երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի
ղեկավարությամբ հանձնաժողովի պատգամավորներ Հարություն Բաբայանը, Էդգար
Առաքելյանը, Վահագն Թևոսյանն այսօր այցելեցին ՀՖՖ տեխնիկական կենտրոն`
Ֆուտբոլի ակադեմիա:
Ակադեմիայում պատգամավորներին ընդունեցին ՀՖՖ փոխնախագահներ Արմեն
Մելիքբեկյանը և Արմեն Նիկողոսյանը: Վերջիններս հյուրերին ներկայացրին
վերջին ամիսներին հայկական ֆուտբոլում կատարված բարեփոխումները,
մասնավորապես, Խինես Մելենդեսի` ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնում
նշանակման կարևորությունը, հայկական ֆուտբոլի զարգացման ուղղությամբ տարվող
աշխատանքները, կանանց ֆուտբոլի, ֆուտզալի առաջխաղացման, մարզերում ֆուտբոլի
մասսայականացման և նոր ֆուտբոլիստների ներգրավման ուղղությամբ տարվող
աշխատանքները, Եվրո-2019-ի նախապատրաստական փուլի ընթացքը:
Կողմերն արձանագրեցին, որ Ֆուտբոլի ակադեմիայի բացումից ի վեր սա առաջին
նմանատիպ այցն էր և կարևորեցին ՀՖՖ-ի և ԱԺ սպորտի հանձնաժողովի համատեղ
գործակցությունը` հայկական ֆուտբոլի արագընթաց զարգացման համար: