174993 դիտում
09:44 25-06-2019
Դաժան ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. հոր մահվան տարելիցի օրը ավտովթարի հետևանքով մահացավ 29-ամյա որդին, ով Գյումրիում բարի համբավ ուներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 25-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում Գյումրիի բնակիչ՝ 29-ամյա Գևորգ Մկրտչյանը իր վարած Toyota մակնիշի 02 PP 050 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 59 կմ հատվածում, դեպի Գյումրի ընթանալիս բախվել է նոր կառուցվող ճանապարհի բետոնե մի քանի արգելապատնեշների և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից մոտ 10 մետր հեռավորության վրա հայտնաբերել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարները։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։
Այս պահին վթարի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Մազյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Վ. Մազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայր են ժամանել մահացածի հարազատները, ընկերներն ու բարեկամները, ովքեր ասում էին, որ այսօր մահացածի հոր մահվան տարելիցն է, իսկ Գևորգին Գյումրիում ճանաչողները նրան բնութագրում էին դրական, ասում էին՝ ընտանիքին ու աշխատանքին նվիրված երիտասարդ էր, խաթրաշահ ու երբեմն էլ հնարավորության սահմաններում օգնության ձեռք էր մեկնում կարիքավորներին, այդ թվում՝ սոցիալապես անապահովներին։
«Իրոք, դաժան է, որ հոր տարելիցի հորը որդին ողբերգական ավտովթարի զոհ է դառնում»,-նշում էին վթարի վայրում հավաքվածները։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+