211652_close_icon
views-count2281 դիտում article-date 12:25 02-08-2026

Երևանում քրեական ոստիկանները փայլուն օպերացիա են իրականացրել․ տաք հետքերով պարեկների հետ վնասազերծել են բնակարանային գողերին, որոնց մոտ հայտնաբերվել են տուժածի տանից թալանված՝ մի քանի միլիոն արժեցող մեծ քանակի ադամանդե քարեր և այլ իրեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 28-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հատուկ օպերացիա են իրականացրել, որի արդյունքում տաք հետքերով վնասազերծել են Երևանում բնակարանային գողություն կատարողներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը նշված բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արմավիրի մարզի բնակիչներ 40-ամյա Արմեն Ա.-ն, 35-ամյա Արտակ Ա.-ն, 42-ամյա Արթուր Ա.-ն և Երևանի բնակիչ 36-ամյա Հրաչյա Մ.-ն նախօրոք պլանավորելով Երևանում իրականացրել են բնակարանային գողություն։

Տեղում Երևանի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ, հետո արդեն համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկների հետ՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Կարեն Գրիգորյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ, հատուկ պլան են մշակում, ապա հերթական անգամ օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ բնակարանային գողերը Ազատության պողոտայից ուղղություն են վերցրել դեպի Մաշտոցի պողոտա։ Տեղում քրեական ոստիկաններն ու ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները Մաշտոցի պողոտա Սարյան փողոցի խաչմերուկում բնակարանային գողություն կատարելու կասկածանքով վնասազերծում են Արթուր Ա.-ին, ով եղել է «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով։

Արդեն Երևանի քրեական ոստիկանությունում Արմեն Ա.-ի մոտ հայտնաբերվում է Ազատության պողոտայի շենքերից մեկի բնակչի բնակարանից հափշտակված ընդհանուր 2.14 գրամ քաշով տոպրակ, որի մեջ հայտնաբերվում են ադամանդի նմանվող քարեր, իսկ արդեն «Hyundai Elantra»-ի սրահում՝ տեսանելի հատվածում, հայտնաբերվում է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ լինում են նշված բնակարանից գողացված թանկարժեք իրեր։

Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «բնակարանային գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալներից Արթուր, Արմեն, Արտակ Ա․-երն ազգականներ են։

Իրավապահներն ունեն լուրջ կասկածներ, որ սա նրանց կողմից կատարված բնակարանային գողության միակ դեպքը չէ։

Քրեական ոստիկանները պարզել են նաև Ազատության պողոտայում թալանված բնակարանի տիրոջ ինքնությունը, իսկ գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր