211652_close_icon
views-count1052 դիտում article-date 23:21 21-06-2019

Ներկայացվել են «Ոսկե ծիրան»-ի մրցութային և արտամրցութային ֆիլմերը և հայտարարվել է ժյուրիի կազմը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 21-ին ներկայացվեցին Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային և արտամրցութային ֆիլմերն, ինչպես նաև հայտարարվեց մրցութային ծրագրերի ժյուրիի կազմը: «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը ներկայացրեց 16-րդ «Ոսկե ծիրանի» միջազգային մրցույթային, տարածաշրջանային կարճամետրաժ մրցույթային, «Տարածաշրջանային համայնապատկեր», «Ծուռ ծիրան» ծրագրերը, հետահայաց ցուցադրությունները: Միջազգային լիամետրաժ մրցույթը ներառում է 12 ֆիլմ: Դրանք են՝ Ռիչարդ Բիլինգհեմի «Ռեյ և Լիզ» (Մեծ Բրիտանիա), Բուրաք Չևիքի «Կապվածություն» (Թուրքիա/Կանադա/Ֆրանսիա), Յուրիս Կուրսիետիսի «Օլեգ» (Լատվիա/Լիտվիա/Բելգիա/Ֆրանսիա), Շավի Սալայի «Գիեդանիի պորտը» (Մեքսիկա), Դընի Կոտեի «Անհետացած քաղաքների հավաքածու» (Կանադա), Սուհաիբ Գասմելբարիօ «Խոսելով ծառերի մասին» (Ֆրանսիա/ Սուդան/ Չադ/ Գերմանիա/Քաթար), Նինո Ժվանիայի «Շքերթ» Վրաստան, Կանտեմիր Բալագով «Լողլողը» (Ռուսաստան), Հասան Ֆազիլիի «Կեսգիշերային ճամփորդը» (ԱՄՆ/ Մեծ Բրիտանիա/Կանադա/Քաթար), Տեոնա Ստրուգար Միտևսկայի «Աստված գոյություն ունի, անունն էլ՝ Պետրունյա» (Մակեդոնիա/ Բելգիա/ Սլովենիա/ Ֆրանսիա/ Խորվաթիա), Ցզյան Սինի «Ձմեռ ձմռանից հետո» (Չինաստան), Միմի Մալայանի և Արթուր Մուրադյանի «Անպետության դիվանագետը» (ԱՄՆ), Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» (Հայաստան) կինոնկարները: «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանն անդրադարձավ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրին, որում ընդգրկված են կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից: «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում ընդգրկված ֆիլմերից են Նադավ Լապիդի «Հոմանիշներ», Ժու Շենգզեի «Ներկա կատարյալը», Ալեքսեյ Չուպովի և Նատալյա Մերկուլովայի «Բոլորին զարմացրած մարդը», Ֆրանսուա Օզոնի «Աստծու ողորմությամբ», Բոն Ջուն-հոյի «Մակաբույծը» և այլ կինոնկարներ: Տարածաշրջանային համայնապատկեր ծրագիրը ներառում է 13 ֆիլմ՝ 3-ական Հայաստանից, Թուրքիայից և Իրանից, 2 ֆիլմ Վրաստանից և մեկ՝ Ադրբեջանից: Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում ներառված է 25 ֆիլմ ՝ Հայաստանից, Թուրքիայից, Իրանից, Վրաստանից: Հետահայաց ցուցահանդրություններ ծրագրի շրջանակում կներկայացվեն փառատոնի հատուկ հյուրեր Կառլոս Ռեյգադասի 4 և Արթուր Արիստակիսյանի 2 ֆիլմ: «Ծուռ Ծիրան» ծրագրում կներկայացվի 5 ֆիլմ: Արվեստաբան Վիգեն Գալստյանի կողմից համադրված փառատոնի թերևս ամենամոլեռանդ ծրագիրը՝ «Ծուռ ծիրանը»՝ բաղկացած ռադիկալ, էքսպերիմենտալ, երբեմն՝ էքստրեմալ ֆիլմերից: Մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվեց նաև տեղեկատվություն փառատոնի ժյուրիի կազմի մասին: Միջազգային լիամետրաժ մրցույթային ծրագրի ժյուրին կնախագահի ռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն: Ժյուրիի կազմում ընդգրկված են ռեժիսոր Նիկոլաս Վադիմոֆը (Շվեյցարիա), ռեժիսոր, Թեհրանի միջազգային կինոփառատոնի նախագահ Ռեզա Միրքարիմին (Իրան), պրոդյուսեր, Թրայբեկայի կինոփառատոնի գործադիր տնօրեն Էմի Հոբին (ԱՄՆ), պրոդյուսեր Էլիզաբեթ Կառլսենը (Մեծ Բրիտանիա), կինոքննադատ Պաոլո Բերտոլինը (Իտալիա), դերասանուհի, ռեժիսոր Նինո Կիրտաձեն (Ֆրանսիա): Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահն է Պիպո ռեժիսոր Մեցապեսան (Իտալիա): Ժյուրիի կազմում ընգրկված են նաև օպերատոր Նորայր Կասպերը (Կանադա) և Clermont-Ferrand կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Ժորժ Բոլոնը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր