211652_close_icon
views-count904 դիտում article-date 16:45 17-06-2019

Տոնախմբվել է Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Տոնական այդ օրը նաև Ս. Հռիփսիմե վանքի ուխտի օրն է, երբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ս. Հռիփսիմե վանք է տարվում սրբուհու մասունքն ամփոփող Աջը: Առավոտյան տեղի ունեցավ ավանդական դարձած հանդիսավոր թափորը. Միածնաէջ Մայր Տաճարի առջևից եկեղեցականներն ուխտավորների ուղեկցությամբ, Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո, շարժվեցին դեպի Սուրբ Հռիփսիմե վանք` տանելով սուրբ Հռիփսիմեի մասունքները: Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամարի առջև Ամենայն Հայոց Հայրապետը, սրբազան Աջով օրհնելով հոգևոր դասին և ներկա բարեպաշտ ժողովրդին, այն փոխանցեց Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանին: Ս. Հռիփսիմե վանքի առջև թափորը դիմավորեցին վանքի հոգևոր սպասավորները և տարբեր համայնքներից ժամանած բազում հավատացյալներ` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ: Տոնի առիթով վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Հունաստանի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Առաքելյանը: Սուրբ Պատարագի ընթացքում օրվա խորհրդի շուրջ քարոզեց Արցախի թեմի Ամարասի վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը: Հայր Սուրբն ընդգծեց, որ Սուրբ Հռիփսիմյանց տոնը և նրանց վկայաբանությունը գալիս է մեկ անգամ ևս քրիստոնյաներին թելադրելու ապրել Քրիստոսով, Նրա սիրո համաձայն և լինել կատարյալ: «Սակայն ի՞նչ կա մեր ներսում, ի՞նչ կա Սուրբ Սեղանի վրա: Արդյո՞ք նույնն է: Արդյո՞ք ցանկությունը նմանվելու Սուրբ Հռիփսիմյանց կույսերին, արդյո՞ք ցանկությունը կատարյալ դառնալ, ինչ-որ Սուրբ Սեղանինն է կատարյալ, նույնն է: Սիրելիներ, մեր կյանքից ներս կատարելության միջոցները բազում են՝ մեկը կասի` աղոթք, մեկը կասի` ապաշխարություն, մյուսը կասի` սեր, մյուսը՝ եղբայրասիրություն, խոնարհություն, հեզություն և տարբեր-տարբեր բաներ: Այդ ամենը միջոցներ են: Կատարելությունն Աստծուն նմանվելն ու պատկերն ունենալն է: Ինչպե՞ս դա կարող է լինել, եթե սեր չունենանք մեր մեջ: Ինչպե՞ս դա կարող է լինել, եթե մենք կանգնում ենք Սուրբ Պատարագին, կուրծք ենք ծեծում և ասում՝ Տե՛ր, ների՛ր ինձ մեղավորիս, արժանացրո՛ւ Սուրբ Հաղորդությանը, բայց չենք աղոթում կողքինի համար, չենք աղոթում մեկս մյուսի համար: Սուրբ Հռիփսիմյանց վկայաբանությունը դա է: Այսօրվա խորհուրդը դա է: Նրանք չառանձնացան, միասնաբար նահատակության պսակն առան առանց դրժելու իրենց ուխտը Քրիստոսի հետ, առանց դրժելու իրենց առաքելությունն այս աշխարհի վրա, որ կոչվում է քրիստոնյայի կյանք»,- ասաց Հայր Գեղարդը: Նա նաև հավելեց, որ սրբերի վկայաբանությունից հավատացյալները սովորում են նաև Քրիստոսի՝ սիրի՛ր քո Տեր Աստծուն և սիրի՛ր քո ընկերոջը, երկու կարևորագույն պատգամները, որոնց շնորհիվ քրիստոնյան կարող է հասնել կատարելության: Վերջում Հայր Սուրբը հորդորեց ներկաներին աղոթել Հայոց Եկեղեցու ամրության ու անսասանության և հայ ժողովրդի հոգևոր զարթոնքի համար: Ս. Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի, կատարվեց սրբուհու մասունքակիր Աջով հավատացյալների օրհնություն և Անդաստանի կարգ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր