ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել Վաշինգտոնում, հունիսի 20-ին: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Մեր տեղեկություններով, սակայն, ի տարբերություն նախորդ նմանատիպ հանդիպումների՝ սպասվելիք հանդիպման մեջ մի կարևոր առանձնահատկություն կա, որը դիտարկվում է՝ որպես քաղաքական ուղերձ։
Այսպես, եթե Ռուսաստանում հայ-ադրբեջանական արտգործնախարարների մակարդակով հանդիպումը տեղի է ունեցել հենց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հովանու ներքո և նրա իսկ մասնակցությամբ, ապա 168.am-ի դիվանագիտական աղբյուրներն ԱՄՆ-ից հայտնում են, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների գալիք հանդիպմանը չի մասնակցելու Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Ամերիկյան կողմից այդ հանդիպումն ավելի ցածր կարգի պաշտոնյա է համակարգելու։
Սա որոշակիորեն դիտվում է նաև որպես վերաբերմունքի արտահայտություն։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ այդ հանդիպմանը չմասնակցելը հստակ քաղաքական ուղերձ է պարունակում իր մեջ՝ կապված ԱՄՆ-ի համար խնդրի կարևորության հետ։
Եթե սրան գումարում ենք նաև այն փաստը, որ ամերիկաադրբեջանական հարաբերությունները, հատկապես՝ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, բավականին ռացիոնալ են դարձել, և, ի տարբերություն հայ-ամերիկյան հարաբերությունների՝ բազմաթիվ ձեռքբերումներ ու երկուստեք փոխադարձ օգտակար պայմանավորվածություններ ունեն, կարող ենք եզրակացնել, որ Պոմպեոյի բացակայությունն այդ հանդիպմանը քաղաքական ուղերձ է՝ հղված հայկական կողմին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]