211652_close_icon
views-count706 դիտում article-date 23:08 13-06-2019

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վիրահայոց թեմի ուխտավորներին

Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վիրահայոց թեմի ուխտավորներին՝ ուղեկցությամբ Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հուսիկ քահանա Հարությունյանի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի էջից։ Հաղորդագրության մեջ նշված է. «Տեր Հուսիկ քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ վիրահայերի ուխտագնացության նպատակը Մայր Աթոռի սրբությանն ու զորությանը հաղորդակցվելն է ու Ամենայն Հայոց Կաթողիկոսից հայրական օրհնություն ստանալը: Այնուհետև Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը փոխանցեց ուխտավորներին` ողջունելով Վիրահայոց թեմի հավատավոր հայորդիներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին առաջնորդելու նախաձեռնությունը: Նորին Սրբությունը կարևորեց հայրենիքից հեռու բնակվող հայորդիների այցելությունները Հայաստան և հաղորդ դառնալը պատմական սրբավայրերին, ժողովրդի ապրելակերպին, հոգսերին ու ձեռքբերումներին, որպեսզի լիցքավորված և զորացած վերադառնալով իրենց օջախները՝ նրանք ավելի նախանձախնդրությամբ լծվեն ազգային և հայրենական կյանքի շինությանը: Գարեգին Երկրորդ Հայրապետը փաստեց, որ քանիցս հովվապետական այցով եղել է Վրաստանում և ականատեսը դարձել վիրահայերի զորավոր հավատքին, որի շնորհիվ նրանք կարողացել են պահպանել և աշխույժ պահել իրենց ազգային, հոգևոր և մշակութային կյանքը: Հայոց Հովվապետը հորդորեց ուխտավորներին չընկրկել ծառացած դժվարությունների առջև, այլ զորացած նախնիների հավատքով շարունակել արարել և ստեղծագործել ի պայծառություն հայոց կյանքի և Վիրահայոց թեմի: Հանդիպմանը Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց Վիրահայոց թեմի հոգևոր դասին՝ իրենց առաքելությունը նախանձախնդրությամբ և նվիրումով իրականացնելու և ազգային արժեքները պահպանելու համար: Վերջում Նորին Վեհափառությունը հայորդիներին մաղթեց, որ Աստված նորոգի նրանց ուխտը՝ մշտապես պահելով Իր սիրո և խաղաղության մեջ»:

Նմանատիպ նյութեր