ՊԵԿ ուսումնական կենտրոնը նախատեսում է ՀՀ մարզերում անվճար դասընթացներ կազմակերպել
Պետական եկամուտների կոմիտեի Ուսումնական կենտրոն ՊՈԱԿ-ը նախատեսում է ՀՀ մարզերում անվճար դասընթացներ կազմակերպել: Սկսնակ գործարարների և ձեռներեցությամբ զբաղվել ցանկացողների համար դասընթացների շարքը կմեկնարկի հունիսի 20-ին. առաջին դասը տեղի կունենա Հրազդան քաղաքում:
«Հարկային օրենսդրություն՝ սկսնակ գործարարների և գործարարությամբ զբաղվել ցանկացողների համար» թեմայով դասընթացների նպատակը մարզերում բիզնես գրագիտության մակարդակի բարձրացումն է, ՊԵԿ-բիզնես երկխոսության ամրապնդումը:
Դասընթացներին հարկային օրենսդրության շրջանակում կքննարկվեն ոլորտային խնդիրները, ձեռներեցությամբ զբաղվել ցանկացողներն ու սկսնակ տնտեսվարողները կծանոթանան օրենսդրության առանձնահատկություններին: Մասնավորապես, անդրադարձ կլինի հարկային մարմնում հարկ վճարողների հաշվառմանը, հարկային հաշվարկների և այլ փաստաթղթերի ներկայացման ընթացակարգերին: Կներկայացվեն նաև ՀՀ-ում գործող հարկման համակարգերի ընդհանուր բնութագիրը, հարկման հատուկ համակարգերում գործելու սահմանված պայմաններն ու առանձնահատկությունները:
ՊԵԿ-բիզնես համագործակցությունը շարունակական կլինի. սկսնակ գործարարների համար դասընթացներ կկազմակերպվեն հանրապետության բոլոր մարզերում:
[b]ՀՀ պետական եկամուտների կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]