Գեղհովիտում եւ Ծովասարում վերընտրվել են համայնքների գործող ղեկավարները
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ և Ծովասար համայնքներում հունիսի 9-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում, նախնական արդյունքներով, հաղթող են ճանաչվել գործող համայնքապետեր Վարդան Պողոսյանը և Արտաշես Մխիթարյանը:
Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզի թիվ 21 ՏԸՀ-ից, Գեղհովիտում գրանցված 4585 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 2361 ընտրող, որոնցից 789-ը քվեարկել է համայնքի գործող ղեկավար, անկուսակցական, ինքնաառաջադրված Վարդան Պողոսյանի օգտին:
Երկրորդ տեղում է անկուսակցական, ինքնաառաջադրված Նաղաշ Հակոբյանը։ Նրա օգտին տրվել է 678 ձայն: 389 ձայն տրվել է Մակիչ Իսպիրյանը, 198 ձայն՝ Ուրարտու Սաֆարյանին, 156 ձայն՝ Տիգրան Սուքիասյանին:
Քվեարկված մյուս թեկնածուները ևս անկուսակցական են:
Ծովասարում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին համայնքի գործող ղեկավար, անկուսակցական Արտաշես Մխիթարյանը և անկուսակցական Բաբիկ Հակոբյանը:
Ծովասարում գրանցված 2093 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 797 ընտրող, որոնցից 523-ը քվեարկել են Արտաշես Մխիթարյանի օգտին: Բաբիկ Հակոբյանին տրվել է 255 ձայն: