Խորհրդարանը շարունակում է հերթական նիստերի աշխատանքը. ՈՒՂԻՂ
ՀՀ Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 4-ին, շարունակվում են հերթական նիստի աշխատանքները։ Քվեարկության են դրվում նախօրեին քննարկված օրենքի նախագծերը։
Քվարկություններից հետո խորհրդարանը քննարկելու է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը»։
Նշենք, որ նախօրեին ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է ՀՀ Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, որը բաղկացած է 2019 թվականի առաջին եռամսյակում հաստատված դրամավարկային քաղաքականության ծրագրից եւ 2018 թվականի չորրորդ եռամսյակում դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարողականից:
Անդրադառնալով դրամավարկային քաղաքականության ծրագրին՝ զեկուցողը ներկայացրել է մակրոտնտեսական այն միջավայրը, որի հիման վրա կանխատեսվել է գնաճի ցուցանիշը եւ մշակվել դրամավարկային քաղաքականությունն առաջիկա ժամանակահատվածի համար: Համաձայն ԿԲ կարճաժամկետ կանխատեսումների՝ 2019 թվականի տնտեսական աճը կգտնվի 4.6-6.1 տոկոսի միջակայքում, որին հիմնականում նպաստելու է մասնավոր սպառումը: Արթուր Ջավադյանի խոսքով՝ 2019 թվականի առաջին եռամսյակում գնաճը պահպանվել է հարաբերականորեն ցածր մակարդակում՝ մարտի դրությամբ կազմելով 1.9 տոկոս՝ հիմնականում կրելով իրականացված հարկաբյուջետային քաղաքականության զսպող ընթացքով պայմանավորված թույլ պահանջարկի ազդեցությունը: Եռամսյակի սկզբում ԿԲ-ն անհրաժեշտ է համարել փոքր ինչ ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը, իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ 6 տոկոսից սահմանելով 5.75: ԿԲ նախագահը նաեւ խոսել է 2018 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման վերաբերյալ:
Արթուր Ջավադյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ԿԲ կողմից գնաճի զսպման քաղաքականությանը, ներմուծման աճին, պետության կողմից մարզերում հիփոթեքային վարկավորման սուբսիդավորմանը, տնտեսական աճի խթանման տեսանկյունից վերաֆինանսավորման տոկոսադրույքի հավելյալ իջեցման հնարավորությանը: