211652_close_icon
views-count881 դիտում article-date 15:49 21-10-2014

Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը

Հոկտեմբերի 21-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Ազգային ժողովը շարունակել է քննարկել «2013թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույցը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խոսել է տարբեր ոլորտներում մարդու իրավունքների խախտումներից` անդրադառնալով երկու հիմնական խնդրի` պայմանական վաղաժամկետ արձակման հանձնաժողովի գործունեությանը, ինչպես նաեւ ժամանակավոր պահպանման խցերի պայմաններին: Խմբակցության քարտուղարը նշել է, որ ԲՀԿ-ն պատրաստ է ակտիվ համագործակցել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ: «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւս անդրադարձել է տարբեր ոլորտներում մարդու իրավունքների խնդիրներին, պատգամավորների՝ խորհրդարանում հնչած տեսակետներին, որոնք վերաբերում էին զեկույցին: Խմբակցության ղեկավարը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կատարած աշխատանքը եւ նկատել, որ այն պետք է էլ ավելի ակտիվացնի համագործակցությունը ԱԺ մշտական հանձնաժողովների եւ պատգամավորների հետ: Ամփոփիչ ելույթում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին շահագրգիռ քննարկումների համար: Նրա խոսքով` քննարկումները հնարավորություն են տվել խոսելու մարդու իրավունքների խնդիրների մասին: Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ իր ղեկավարած կառույցը համագործակցում է հայ առաքելական եկեղեցու, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, միջազգային կառույցների հետ հանուն այն խնդիրների, որոնք ամրագրված են ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով: Նա տեղեկացրել է նաեւ, որ շատ հարցերում արձանագրվել է առաջընթաց: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Փոխնախարարի խոսքով` փաթեթի նպատակը սահմանամերձ գյուղերում տնտեսական ակտիվության խթանումն ու գործարար միջավայրի բարելավումն է: Վախթանգ Միրումյանը ներկայացրել է օրենքով նախատեսված արտոնությունները: Մասնավորապես, անդրադառնալով սահմանամերձ տարածաշրջաններում կազմակերպվող արտադրական գործունեությանը` նշել է, որ արտադրական գործունեությունից ստացվող եկամուտները եւ արտադրական արդյունքի իրացումը ազատվում են բոլոր տեսակի հարկերից: Եթե սահմանամերձ տարածաշրջաններում իրականացվում է արտադրական գործունեություն, եւ եթե արտադրության կազմակերպիչն իրավաբանական անձ է , ապա ստացված արդյունքի իրացումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, եւ տվյալ կազմակերպությունն ազատվում է այդ գործունեության արդյունքում ստացված եկամուտներից վճարվելիք շահութահարկից: Եթե արտադրության կազմակերպիչը անհատ ձեռնարկատեր է, ապա արտադրանքի իրացումից ստացված եկամուտները ազատվում են եկամտային հարկից, իսկ արտադրանքի իրացումը` ավելացված արժեքի հարկից: Սահմանամերձ տարածաշրջաններում իրականացվող առեւտրական գործունեությունը նույնպես ազատվում է շրջանառության հարկից: Խոսքը, ըստ փոխնախարարի, առեւտրի օբյեկտների միջոցով առեւտրական գործունեության մասին է: Այն արտադրությունները, որոնք վերաբերում են արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակներին, նախատեսվում է ազատել արտոնագրային վճարներից:

Նմանատիպ նյութեր