211652_close_icon
views-count10704 դիտում article-date 18:52 02-06-2019

Գագիկ Ղազինյան. Անցումային արդարադատությունից նեոբոլշևիկյան հոտ է գալիս. 1in.am

[url=https://www.1in.am/2569427.html?fbclid=IwAR1bFFNczrtWqhB0Bg1YU0v5uVfj6DsC1ioCaTgHVHHAkvNv61awp_xVVPI]«Առաջին լրատվականը»[/url] դատաիրավական համակարգում հնարավոր զարգացումների վերաբերյալ զրուցել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Արդարադատության խորհրդի նախկին անդամ Գագիկ Ղազինյանի հետ: [b]– Պարոն Ղազինյան, դատական համակարգում լուրջ պրոցեսներ են ընթանում, սակայն մինչ դրանց անդրադառնալը կուզենայի սկսել դատարանները շրջափակելու վարչապետի կոչից։ Ինչպե՞ս եք այդ ակցիան գնահատում, և ի՞նչ հետևանքների հանգեցրեց այն։ [/b] – Բնականաբար, շատ բացասական եմ վերաբերվում այդ ակցիային։ Մենք մի կողմից ասում ենք, որ դատարանները պետք է անկախ լինեն, մյուս կողմից ուղղակիորեն կաշկանդում ենք նրա բնականոն գործունեությունը, որը դատարանի անկախության կարևորագույն էլեմենտն է։ Իսկ այդ ակցիան, բնականաբար, չէր կարող բացասաբար չազդել դատարանների բնականոն գործունեության և հետևաբար՝ նաև անկախության վրա: Եթե նման ակցիա նախաձեռներ ընդիմությունը, կամ քաղաքացիների ինչ-որ դժգոհ խումբ, ինչ-որ տեղ ընկալելի կլիներ, թեև այդ դեպքում էլ օրինական չէր լինի։ Բայց երբ իշխանոuթյան մի թևը մյուս թևի բնականոն գործունեությանը խոչընդոտելու կոչեր է անում, դա արդեն ընդունելի չէ։ [b]– Դատարանները շրջափակելու ակցիայից հետո կառավարության ղեկավարը հանդես եկավ հայտարարությամբ և նշեց դատական համակարգն առողջացնելու 5 քայլ։ Ինչպե՞ս եք գնահատում այդ քայլերը։ [/b] – Դուք նկատի ունեք այդ օրն արված հայտարարությո՞ւնը։ [b]– Այո, որի ժամանակ հանձնարարական եղավ՝ ԱԺ-ում մշակել վեթինգի և անցումային արդարադատության վերաբերյալ օրինագծերը։ [/b] – Գաղափարները միշտ էլ շատ գեղեցիկ են լինում և, որպես կանոն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, դրանք փչանում են կյանքի կոչելու ընթացքում։ Նախկինում էլ մենք ունեինք բավականին լավ օրենսդրություն, որի հաջող կիրառության դեպքում կունենայինք դրական արդյունքներ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Բայց մեր հիմնական խնդիրը եղել և մնում է օրենքների արդյունավետ կիրառությունը, ինչը այսօր ավելի ցայտուն է արտահայտվում։ Իհարկե, որ երկիրը չի ցանկանա ունենալ մաքուր, անկախ, արդար, օբյեկտիվ դատական իշխանություն, բայց ես խիստ կասկածներ ունեմ, որ նշված լավ գաղափարները, որոնք արտահայտվել են վարչապետի հայտարարության մեջ, իրականացման պրոցեսում կարող են խեղաթյուրվել։ Իմ այդ կասկածներն աստիճանաբար համոզմունքի են վերածվում, հաշվի առնելով այն գործընթացը, որն իրականացվում է դրանք կյանքի կոչելիս, և այն գործիքակազմը, որն ընտրվել է դրանց իրականացման համար: Մասնավորապես՝ վերջերս խորհրդարանում կազմակերպված՝ անցումային արդարադատությանը նվիրված լսումների ընթացքը, մասնակիցները, քննարկման գործընթացը ցույց տվեցին, որ այդ գործընթացը ևս իմիտացիոն բնույթ է կրում: Տպավորությունն այնպիսին է, որ իշխանությունների մոտ ամեն ինչ արդեն պատրաստ է, և շատ շուտով մեզ կհրամցնեն պատրաստի լուծումներ: Ես համոզված եմ, որ այս պայմաններում չի կարելի լուրջ արդյունքներ սպասել այս գործընթացից:: [b]– Այսինքն՝ Դուք դեմ չեք նույն վեթինգի, անցումային արդարադատության ինստիտուտի ներդրմանը։ Ձեր մտահոգությունները բացառապես կապված են դրանք կյանքի կոչելո՞ւ հետ։ [/b] – Ես դեմ չեմ դատաիրավական ոլորտի լուրջ բարեփոխումներին։ Բայց ոչ նման բարձրագոչ տերմինալոգիայի օգտագործմամբ՝ անցումային արդարադատություն, վեթինգ… Վերջին հաշվով, ամեն ինչ որոշվում է նպատակով։ Եթե ուզում ենք ունենալ օբյեկտիվ, անկախ, պրոֆեսիոնալ և բոլոր չափանիշներին համապատասխանող դատական համակարգ, որը ցանկացած երկրի բնականոն կենսագործունեության ողնաշարն է, և որը կոչված է հավասարակշռելու գործադիր և օրենսդիր իշխանություններին, ուրեմն եկեք ընտրենք մտածված ճիշտ ճանապարհ, այլ ոչ թե առաջնորդվենք բարձրագոչ տերմիններով։ Այս ամբողջ գործընթացից ինչ-որ նեոբոլշևիկյան հոտ է գալիս. ինչ-որ եղել է մինչև մեզ, պետք է ոչնչացնել, պետք է քանդել, քանի որ ամեն ինչ սխալ է եղել, կյանքը սկսվում է մեզանից, և մենք ինչ-որ ասում ու անում ենք, դա վերջին ճշմարտությունն է։ Սա, կարծում եմ, ակնհայտ սխալ ճանապարհ է: – Այդ դեպքում, Ձեր պատկերացմամբ, ո՞րն է ճիշտ ճանապարհը։ – Ես համոզված եմ, որ ճիշտ ճանապարհը դատաիրավական բարեփոխումների լուրջ խորքային հայեցակարգի մշակումն է, որը կարող է ներառել նաև ձեր նշած զտման պրոցեսները և մնացած այն ամենը, ինչ անհրաժեշտ է նշված նպատակին հասնելու համար: Այսինքն՝ անհրաժեշտ սահմանադրական և օրենսդրական հիմքերի ստեղծում և այն բոլոր կազմակերպական ու բովանդակային միջոցառումները, որոնք պետք է ծառայեն նշված նպատակին հասնելու համար: Բայց առայժմ նման գործընթացի մենք ականատես չենք: – Պարոն Ղազինյան, կոնկերտ վեթինգի մասով կասե՞ք Ձեր կարծիքը։ Դուք դե՞մ եք, որ այդ ինստիտուտը ներդրվի և զտի, մաքրի դատական համակարգը։ Այդ ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը տեսնո՞ւմ եք։ – Ցանկացած հասարակական փոփոխություն՝ զտման գործընթաց կլինի, լյուստրացիա, վեթինգ թե այլ միջոցառում, անհրաժեշտ է, սակայն այն չի կարող կրել ջարդելու, փշրելու, համակարգը ոչնչացնելու նպատակ, այլ պետք է լինի ամենօրյա գործընթաց, որն ուղղված կլինի համակարգերը մաքելու այնպիսի սուբյեկտներից, որոնք իրենց մասնագիտական, մարդկային, քաղաքացիական որակներով չեն համապատասխանում այդ համակարգի պահանջներին: Հիմա դա ինչ մեխանիզմներով կլինի, ինչպիսի խորությամբ՝ քննարկման հարց է։ Բայց դրանք լուրջ հարցեր են, և չի կարելի ասել՝ ասենք, քանի որ դու ընտրվել ես, նշանակվել ես նախկին իշխանության ժամանակ, ապա դու արդեն բանի պետք չես, քանի որ մենք նոր Հայաստան ենք կառուցում։ Սա աբսուրդ մոտեցում է։ Պետք է հստակ չափանիշներ լինեն, որոնք պետք է վերաբերեն, իմիջայլոց, իրավապահ մյուս կառույցներին, ինչու ոչ՝ նաև օրենսդիր և գործադիր մարմիններին։ Թե չէ, կարելի է կարծել, թե նրանք, ովքեր իրականացնելու են այդ գործընթացները՝ սրբեր են, և պետք է նրանք որոշեն մյուսների ճակատագիրը։ Չափանիշներն այնքան հստակ պետք է լինեն, որ զտումը իրականացնողից քիչ բան կախված լինի։ Թե չէ ինչ-որ փորձագետներ են եկել, որոնք ինչ-որ երկրներում ինչ-որ փորձեր են արել և հիմա փորձում են դա տեղայնացնել Հայաստանում ինչ-որ բարձրագոչ անվանումների տակ։ Ես դրան սկզբունքորեն դեմ եմ։ Մենք ինքներս շատ լավ կարող ենք որոշել, թե մեզ ինչպիսի համակարգ է պետք, և ինչ միջոցներով պետք է հասնել դրան։ Ընդամենը պետք է լուրջ, բարի, վեհ նպատակ և ճանապարհ, թե ինչպես հասնել դրան։ Մանրամասները՝ [url=https://www.1in.am/2569427.html?fbclid=IwAR1bFFNczrtWqhB0Bg1YU0v5uVfj6DsC1ioCaTgHVHHAkvNv61awp_xVVPI]սկզբնաղբյուրում.[/url]

Նմանատիպ նյութեր