211652_close_icon
views-count2179 դիտում article-date 17:18 01-06-2019

Հունիսմեկյան անակնկալներ ոստիկանությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ անցել էին ուժեղացված ծառայության։ Նպատակը փոքրիկների օրն ապահով ու անմոռանալի դարձնելն էր։ Առավոտյան Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի սաները ոստիկանների հետ այցելեցին Երևանի կենդանաբանական այգի։ Նրանք շրջեցին այգում, տեսան տարբեր կենդանիներ, պաղպաղակ կերան ու մի լավ ուրախացան։ Նույն պահին ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումների ծառայողները Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնի երեխաների հետ Երևանի մանկական երկաթուղում էին։ Նրանք էլ զբոսնեցին, պաղպաղակ կերան ու գնացք նստեցին։ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաները ոստիկանների հետ գնացել էին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ։ Փոքրիկները ծանոթացան գնդի հատուկ տեխնիկային, որոնք Հունիսի մեկի կապակցությամբ փուչիկապատվել էին։ Շարահրապարակում կավիճներով նկարելուց հետո շրջեցին գնդում, ծանոթացան ոստիկանների աշխատանքին։ Իսկ տոնական օրը եզրափակվեց Շառլ Ազնավուրի հրապարակում։ Այստեղ ոստիկանության մշակույթի կենտրոնը համերգային մեծ ծրագիր էր պատրաստել։ Մուլտֆիլմերի երաժշտությամբ երեխաներին ողջունեց ոստիկանության զորքերի նվագախումբը, պարային համարներով հանդես եկավ ոստիկանության «Նկարագիր» պարային համույթը։ Երեխաները տոնի առթիվ նվերներ ու պաղպաղակ ստացան, իրենք էլ երգեցին ու պարեցին։ Սիրելի՜ փոքրիկներ, մաղթում ենք ձեզ առողջություն ու անհոգ մանկություն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր