211652_close_icon
views-count1666 դիտում article-date 18:39 01-06-2014

«Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղու նոր տարեշրջանի բացումը՝ հունիսմեկյան անակնկալով

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշանավորվեց նաև «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղու նոր տարեշրջանի մեկնարկով։ Օրվա կապակցությամբ հետաքրքիր անակնկալ է մատուցվել քաղաքապետարանի ենթակայության տարբեր դպրոցների գերազանց առաջադիմությամբ սովորող աշակերտներին։ Նրանք հնարավորություն են ունեցել անվճար օգտվելու երթուղուց և զբոսաշրջային երկհարկանի ավտոբուսներով շրջել Երևանով։ Երեխաներին ուղեկցել և բարձր տրամադրություն են ապահովել սիրված մուլտհերոսները։ Էքսկուրսիայից հետո աշակերտները միացել են Ազատության հրապարակում անցկացվող միջոցառմանը։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը տեղեկացրել է, որ տարեշրջանի ընթացքում նման հետաքրքիր ակցիաներ պարբերաբար կկազմակերպվեն։ ««Երևան Սիթի Տուր» պաշտոնական զբոսաշրջային երթուղին իր տեսակով միակն է տարածաշրջանում։ Այսօր այն կարևոր և ուրույն տեղ է զբաղեցնում մայրաքաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքում։ Իր երկամյա պատմությամբ երթուղին հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել ինչպես երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի շրջանում։ Ակնկալվում է, որ արդեն այս տարի երթուղուց օգտվողների թիվը ավելանալու է։ Սակայն այդ մասին ավելի մանրամասն՝ առաջիկայում»- նշել է Մարիա Բարաղամյանը նաև հավելելով, որ երթուղին գործելու է ամեն օր, բացի երկուշաբթիից, երեք տարբեր ժամերի՝ 11։00-ին, 15։00-ին և 18։00-ին։ Ինչպես նախորդ տարիներին, երթուղու մեկնարկը Ֆրանսիայի հրապարակից է։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր