211652_close_icon
views-count1204 դիտում article-date 13:01 31-05-2019

Արթուր Դավթյանը ԵԽ պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումները

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը: Ինչպես հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ողջունելով պատվիրակության անդամներին՝ ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցների հետ ձևավորված համագործակցության բազմամյա փորձն ու արդյունքները: Արթուր Դավթյանը կարևորել է պատվիրակության՝ հատկապես ներկայիս շրջափուլում Հայաստան այցելելու հանգամանքը՝ հաշվի առնելով մեր երկրում ինչպես մարդու իրավունքների պաշտպանության և դատաիրավական համակարգերում, այնպես էլ կոռուպցիայի դեմ պայքարում նոր բարեփոխումների մեկնարկը, դրա անցնցում իրականացման համար գործընկեր միջազգային կառույցների աջակցության անհրաժեշտությունը: Քրիստոս Ջիակումոպուլոսն իր հերթին ընդգծել է ՀՀ դատախազության հետ արդեն ձևավորված և բնականոն զարգացող գործակցությունը, որը վստահություն է հաղորդում համատեղ հետագա ձեռնարկներին: Պատվիրակության ղեկավարը հավելել է, որ ԵԽ-ն ցանկանում է կարճաժամկետ և երկարաժամկետ փորձագիտական աջակցություն ցուցաբերել սկսված բարեփոխումներին, և իրենց այցի նպատակն առկա իրավիճակին ու Հայաստանի կարիքներին խորությամբ ծանոթանալն է: Այս համատեքստում նա կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական ոլորտի բարեփոխումների ռազմավարական առաջնահերթությունների և կառուցակարգերի մշակմանը ՀՀ դատախազության ներգրավվածությունը՝ հետաքրքրվելով սկսված գործընթացից ակնկալվող արդյունքների վերաբերյալ դատախազության մոտեցումներից: Արթուր Դավթյանը նշել է, որ դատախազությունն անմիջական դերակատարություն ունի բարեփոխումների իրավական բազայի ձևավորման գործընթացում և ներգրավված է այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբերում: Նա նշել է, որ քրեական հետապնդման մարմինների կողմից կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրած աննախադեպ արդյունքների ապահովման հիմնական գործոնը եղել է հանրային աջակցությունը, վստահությունը և պահանջատիրությունը, ուստի անհրաժեշտ է, որպեսզի այս ոլորտում ցանկացած բարեփոխում բխի այդ ձեռքբերումը պահպանելու և զարգացնելու տրամաբանությունից: Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից ՀՀ գլխավոր դատախազն առաջնահերթություն է համարել հատկապես պետությունից գողացված ակտիվների վերադարձման իրավական մեխանիզմներն ընդլայնելու համար օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունների իրականացումը, որը պետք է հիմնված լինի մի կողմից սեփականության անձեռնմխելիության և մարդու սեփականության իրավունքների հստակ երաշխավորման, մյուս կողմից սոցիալական արդարության վերականգնման հանրային շահի հավասարակշռման սկզբունքի վրա: Անդրադառնալով հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ կենտրոնացված մոդելի ստեղծման շուրջ քննարկումներին՝ Արթուր Դավթյանը նշել է, որ նոր մոդելը պետք է կառուցված լինի հանրային ծառայողների և առաջին հերթին բարձրաստիճան պետական պաշտոն զբաղեցնող անձանց ավելի լայն հաշվետվողականության, հանրային վստահություն վայելող մասնագիտացած հակակոռուպցիոն մարմնի վերահսկողական ֆունկցիոնալ կարողությունների զարգացման հենքերի վրա: Ըստ գլխավոր դատախազի՝ անհրաժեշտ է այնպիսի լուծումներ գտնել, որոնք կերաշխավորեն ներքին հակակշռման և հավասարակշռման մեխանիզմը և կնպաստեն կենտրոնացված ձևով կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված համակարգային կառուցակարգերի ուժեղացմանը, վերլուծական, կոնկրետ ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի գնահատման, խնդիրների բացահայտման և իրավապահ մարմիններին ներկայացման կարողությունների զարգացմանը: Այս համատեքստում գլխավոր դատախազն առանցքային է համարել պետական կառավարման համակարգում այնպիսի մեխանիզմների ներդրումը, որոնք թույլ կտան պաշտոնատար անձանց հայտարարագրելու ոչ միայն իրենց գույքի և եկամուտների տարեկան շարժերը, այլ նաև նրանց բոլոր շահերը՝ հակակոռուպցիոն մարմնին հնարավորություն տալով ցանկացած պահի ստուգման առարկա դարձնելու ներկայացված տեղեկատվության իսկությունը, լիարժեքությունը և ձեռնարկելու դրանից բխող ընթացակարգեր: Ինչպես կոռուպցիայի դեմ պայքարի, այնպես էլ դատաիրավական ոլորտի բարեփոխումները գլխավոր դատախազի համոզմամբ պետք է բխեն իշխանության թևերի տարանջատման և հավասարակշռման, մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար սկզբունքներից և պետք է լիարժեք համապատասխանեն Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների իրավական չափանիշներին, հատկապես եվրոպական իրավունքին և ՀՀ սահմանադրությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են արդար դատաքննության իրավունքի իրացմանը, դատախազության կարգավիճակային և գործառույթային անկախությանը, քրեական դատարավության և քրեական նոր օրենսգրքերի ընդունման հեռանկարներին առնչվող հարցեր: Պատվիրակության կողմից գոհունակությամբ ընդգծվել է դատախազության վերաբերյալ GRECO-ի հանձնարարականները գրեթե լիարժեքորեն կատարված լինելու հանգամանքը:

Նմանատիպ նյութեր