211652_close_icon
views-count1381 դիտում article-date 20:10 08-07-2019

Արդարադատության նախարարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է դատաիրավական ոլորտի բարեփոխումները

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխմանը շարունակական աջակցություն ցուցաբերելու համար և փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել, տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Դեսպանը շնորհավորել է Ռուստամ Բադասյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հաջողություն մաղթել մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում և ընդգծել, որ Եվրոպական միությունը հատկապես կարևորում է դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումների իրապես հաջողելը: Այս համատեքստում դեսպան Սվիտալսկին հայտարարել է Եվրամիության՝ տարբեր ուղղություններով աջակցության պատրաստակամության մասին և հետաքրքրվել Նախարարության առաջնահերթություններով: Արդարադատության նախարարը ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների շրջանակում իրականացվող աշխատանքները՝ ուղղված դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգի մշակմանը, դատավորի գույքի, եկամուտների ծախսերի, շահերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործմանը, ինչպես նաև անդրադարձել է ստեղծվելիք հակակոռուպցիոն մասնագիտացված մարմնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի, և Հակակոռուպցիոն դատարանի անկախության երաշխիքներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև էլեկտրոնային արդարադատությանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել է ռազմավարությունների մշակման և որոշումների կայացման գործընթացում քաղհասարակության ակտիվ ներգրավվածությունը:

Նմանատիպ նյութեր