1226 դիտում
16:20 28-05-2019
Դատաիրավական բարեփոխումների արդյունավետությունը հնարավոր է ապահովել բացառապես իրավական ճանապարհով. դատավորների ընդհանուր ժողով
Դատավորների ընդհանուր ժողովը մայիսի 27-ին կայացած արտահերթ նիստի արդյունքներով հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Նկատի ունենալով վերջին օրերի ընթացքում արդարադատության վերաբերյալ տարբեր հարթակներում ծավալված քննարկումները, համընդհանուր հասարակական ուշադրությունը դատական իշխանության նկատմամբ, ինչպես նաև զանգվածային տարբեր միջոցառումների շրջանակներում դատավորների հասցեին հնչող քննադատությունները՝ Դատավորների ընդհանուր ժողովը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ.
ա) Դատավորների ընդհանուր ժողովը ևս կարևորում է դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը՝ այն համարելով համընդհանուր իրավական առաջընթացի ու զարգացման էական նախապայմանը: Սակայն այն պետք է ունենա հստակ և հիմնավոր պատճառաբանված հայեցակարգ՝ տեսանելի ակնկալվող վերջնական արդյունքով: Դատաիրավական բարեփոխումների արդյունավետությունը հնարավոր է ապահովել բացառապես իրավական ճանապարհով և իշխանության բոլոր ճյուղերի կառուցողական երկխոսության արդյունքում: Դատավորների ընդհանուր ժողովը, որպես դատական իշխանության ինքնակառավարման բարձրագույն մարմին, արտահայտելով դատավորների կամքը, պարտադիր է համարում Ժողովի պատվիրակների մասնակցությունը դատական իշխանության բարեփոխումներին միտված միջոցառումների շուրջ քննարկումներին՝ համապատասխան մասնագիտական աջակցություն ցուցաբերելով հնարավոր գործիքակազմի ընտրության և դրանց կապակցությամբ օրենսդրական ակտերի նախագծերի մշակման հարցում:
բ) Դատավորների ընդհանուր ժողովը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ դատավոր դեմ չէ, որպեսզի հանրային վստահության ամրապնդման տեսանկյունից հասարակության ներկայացուցիչները տեղեկատվություն ստանան դատավորների գույքային դրության վերաբերյալ: Դատավորների ընդհանուր ժողովը ողջունում է դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդմանն ուղղված ցանկացած միջոցառում, որը սահմանված կլինի օրենքով և կիրականացվի օրենքի խստիվ պահպանմամբ: Ուստի Դատավորների ընդհանուր ժողովը կոչ է անում իրավասու մարմիններին՝ դատաիրավական բարեփոխումներին ուղղված ցանկացած օրենսդրական նախագիծ մշակելիս այն բխեցնել ՀՀ Սահմանադրության պահանջներից և Հայաստանի Հանրապետության՝ միջազգային պարտավորություններից, վեր կանգնել նեղ շահերից, բավարար երաշխիքներ նախատեսել շահագրգիռ անձանց իրավունքների ապահովման առումով, և իրապես առաջնորդվել մեր երկրում արդարադատության որակի բարձրացման գաղափարով:
գ) Դատավորների ընդհանուր ժողովը կարևորում է յուրաքանչյուրի՝ կարծիքն ազատ արտահայտելու՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները: Դատավորների ընդհանուր ժողովն ընդգծում է, որ ցանկացած առողջ, ողջամիտ քննադատություն, որպես կարծիքի ազատ արտահայտման միջոց, ընդունելի է նաև դատական իշխանության համար, քանի որ հնարավորություն է տալիս շտկելու առկա թերացումները: Այդուհանդերձ, Դատավորների ընդհանուր ժողովը գտնում է, որ կարծիքի ազատ արտահայտումը չի կարող ուղեկցվել դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններով, ինչպես նաև դատարանների բնականոն գործունեությունը խոչընդոտելով, որոնք խարխլում են դատական իշխանության նկատմամբ հասարակական վստահությունը: Ուստի Դատավորների ընդհանուր ժողովը խստորեն դատապարտում է դատավորների հանդեպ ցանկացած անհարգալից գործողություն և կոչ է անում ձեռնպահ մնալ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող, դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող հայտարարություններից, դատարանների բնականոն աշխատանքը խոչընդոտող ցանկացած գործողությունից:
դ) Դատավորների ընդհանուր ժողովն արձանագրում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անգործությունը չի արտահայտում Դատավորների հավաքական կամքը, և այդ մարմինը գործնականում չի երաշխավորում Դատավորների անկախությունը»:
Նմանատիպ նյութեր
1714 դիտում
20:52 22-05-2019
Մայիսի 27-ին ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով է հրավիրվել
1655 դիտում
14:36 25-02-2022
Դատավորների արտահերթ ընդհանուր ժողով է հրավիրվել. ուղիղ. News.am
Այս բաժնից
574 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
463 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
694 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am