2338 դիտում
21:48 27-05-2019
Մեր գերակայությունը մեր քաղաքացիներին իրավական և այլ հնարավոր օգնության տրամադրումն է. ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյան
[b]ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի հարցազրույցը Թերթ․ամ լրատվականին.[/b]
Հարց․ Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում օրեր առաջ վթար էր տեղի ունեցել, որի ֆոնին կրկին բարձրաձայնվել են այն հարցերը, թե սովորաբար նման իրավիճակներում ինչպես են գործում արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցչությունները:
Վահագն Մելիքյան․ Նախ նշենք, որ որևէ նման իրավիճակի դեպքում տվյալ երկրում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը և ՀՀ ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումներն անցնում են գործողության արտակարգ ռեժիմի: Անմիջապես կապ է հաստատվում երկրի պատկան մարմինների հետ՝ փորձելով նախևառաջ պարզել միջադեպի հետևանքով տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների առկայության մասին տեղեկությունը: Դեպքի առնչությամբ զարգացումների մասին ԱԳՆ հասանելի բոլոր հարթակներով տրվում է օպերատիվ տեղեկատվություն, ինչպես նաև փորձ է կատարվում սպառիչ պատասխաններ տալ քաղաքացիների՝ տարբեր հարթակների միջոցով ստացվող հարցումներին:
Եթե արտակարգ իրավիճակում ներգրավված են ՀՀ քաղաքացիներ, բնականաբար արդեն իսկ գործի է դրվում մեր քաղաքացիների իրավական պաշտպանության և նրանց աջակցություն ցուցաբերելու ողջ գործիքակազմը: Իհարկե, այստեղ շատ բան կախված է նաև տվյալ երկրի համապատասխան մարմինների աշխատանքից կամ հենց արտակարգ պատահարի առանձնահատկություններից: Այնուամենայնիվ, ԱԳՆ-ի և օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների կողմից անհրաժեշտ քայլերն արվում են արտակարգ իրավիճակներում հայտնված մեր քաղաքացիներին աջակցություն տրամադրելու նպատակով` ՀՀ և տվյալ երկրի օրենսդրության, միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում: Սա մեր հյուպատոսական գործունեության կարևորագույն ուղղություններից մեկն է, և հաճախ նմանատիպ իրավիճակներում հարկ է լինում նաև ներգրավել դիվանագիտական ներկայացուցչության ողջ անձնակազմին:
Այս առումով ցանկանում եմ նաև կոչ անել մեր քաղաքացիներին նման դեպքերում անհապաղ կապ հաստատել արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության և ԱԳՆ հետ, քանի որ միշտ չէ, որ հաջողվում է տեղեկություններ ստանալ որևէ արտակարգ միջադեպում ներգրավված մեր քաղաքացիների առկայության մասին:
Հարց․ Իսկ կարո՞ղ եք այս դեպքի օրինակով ներկայացնել այն քայլերը, որոնք սովորաբար ձեռնարկվում են:
Վահագն Մելիքյան․ Կոնկրետ այս դեպքի առնչությամբ Իտալիայում մեր դեսպանությունից ստացվել է իրականացված գործողությունների մասին հետևյալ տեղեկությունը. վթարի մասին լուրը ստանալուն պես դեսպանությունը կապի մեջ է եղել ավտոբուսում գտնված ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև տեղի պատկան մարմինների և հիվանդանոցների հետ: Վթարի հետևանքով ՀՀ ութ քաղաքացիներից երեքը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, որոնցից երկուսը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից։ Տուժածներից երրորդը՝ Մարգարիտա Գյուլումյանը, տեղափոխվել է Սիենայի համալսարանական կլինիկա: Դեսպանությունը մշտական կապի մեջ է եղել Մարգարիտա Գյուլումյանի, նրա հարազատների, Սիենայի հիվանդանոցի և ոստիկանության հետ:
Դեպքի հաջորդ օրը դեսպանության ներկայացուցիչներն այցելել են Սիենայից շուրջ 120 կմ հեռավորությամբ Մոնտեկատինի քաղաքում գտնվող ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև՝ Սիենայի հիվանդանոցում ապաքինվող Մարգարիտա Գյուլումյանին։ Դիվանագետներն այցելել են նաև Սիենայի ոստիկանություն՝ ՀՀ քաղաքացիների՝ ավտոբուսում մնացած իրերը վերցնելու նպատակով: Մարգարիտա Գյուլումյանի եղբոր ժամանելուց հետո ՀՀ դեսպանության ներկայացուցիչները վերադարձել են Հռոմ` պարբերական կապի մեջ լինելով դեռևս հիվանդանոցում գտնվող մեր քաղաքացու և նրա եղբոր հետ:
Հաջորդ օրը Մարգարիտա Գյուլումյանը դիմել է դեսպանություն՝ խնդրելով կապ հաստատել հիվանդանոցի հետ՝ իր կեցությունը հիվանդանոցում երկարաձգելու նպատակով: Արձագանքելով այս խնդրանքին՝ դեսպանության ներկայացուցիչը հեռախոսազրույց է ունեցել բժիշկ Մարչելլո Պաստորելլիի հետ: Վերջինիս է փոխանցվել հիվանդանոցից շուտափույթ դուրսգրման հետ կապված Գյուլումյանի մտահոգությունը` խնդրելով հնարավորության դեպքում բուժումը շարունակել տեղում: Բժիշկը նշել է, որ հիվանդը, վիճակի դրական դինամիկայից ելնելով, կարող է արդեն երկուշաբթի կամ երեքշաբթի դուրս գրվել հիվանդանոցից և տեղափոխվել Հայաստան՝ բուժումն այնտեղ շարունակելու համար, սակայն խոստացել է քննարկել Գյուլումյանի խնդրանքը հիվանդանոցի ղեկավարության հետ: ՀՀ դեսպանությունը շարունակում է մշտական կապի մեջ լինել մեր քաղաքացիների հետ:
Հարկ եմ համարում նշել, որ նման գործելաոճն իրականացվում է արտերկրում ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից, քանի որ մեր քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունը, ինչպես նաև արտակարգ պատահարների ժամանակ նրանց հնարավոր աջակցության ցուցաբերումը մեզ համար գերակայություն է:
Հարց․ Լինում են նաև դժգոհություններ: Եթե կա նման աշխատանքի սահմանված կանոններ, ապա ինչո՞վ եք բացատրում քաղաքացիների շրջանում երբեմն առաջացող դժգոհությունները:
Վահագն Մելիքյան․ Բնական է, որ արտակարգ իրավիճակում հայտնված ՀՀ քաղաքացիների ոչ բոլոր կարիքները և ցանկություններն է հնարավոր լինում հոգալ, հատկապես այն, որոնք կապված են ֆինանսական միջոցների ուղիղ տրամադրմանը, հյուրընկալ երկրի պատկան մարմինների որոշումների հետ: Մեր գերակայությունը մեր քաղաքացիներին իրավական և այլ հնարավոր օգնության տրամադրումն է:
Նմանատիպ նյութեր
8823 դիտում
11:02 25-04-2019
Ամռանը մեծ հոսք է սպասվում ԱՄՆ-ից Հայաստան. ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյան. newsbook.am
874 դիտում
12:11 17-06-2023
Ադրբեջանը դադարեցնում է օդանավակայաններում մուտքի արտոնագրերի տրամադրումն Իրանի քաղաքացիներին
1209 դիտում
12:41 27-12-2020
Մեր երկրում ցանկացած արարք ու այլ տեսակի նախաձեռնություն պետք է հիմքում ունենա իրավունքի գերակայությունը. ՄԻՊ